Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Համանախագահների հայտարարությունները նոր առաջարկների վերաբերյալ լավատեսություն չեն ներշնչում»


Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ նոր առաջարկների նախապատրաստման մասին լավատեսություն չեն ներշնչում:

«Նման հայտարարություններով համանախագահները ցանկանում են բարձրացնել իրենց գործունեության կարեւորությունը հասարակության աչքերում», - ըստ «Թրենդ»-ի, նշել է ղարաբաղյան հարցում Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացը եւ ավելացրել. - «Անշուշտ, նրանց [համանախագահներին] անհրաժեշտ է արդարացնել իրենց գործողությունները, ինչի համար ամեն անգամ լսվում են հայտարարություններ նորանոր գաղափարների մասին: Եվ դա հասկանալի է, քանի որ նրանց անհրաժեշտ է տեղեկացնել եւ ուղղորդել հասարակական կարծիքը»:

Ազիմովը նշել է, որ կան կոնկրետ հարցեր, որոնց լուծումը հնարավոր է միայն թափանցիկ եւ կոնկրետ քայլեր ձեռնարկելուց հետո. - «Այդ քայլերը պետք է հստակ կերպով ներկայացվեն ադրբեջանական կողմին»:

Փոխարտգործնախարարի խոսքերով, առաջին հերթին դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջը ադրբեջանական տարածքների ազատագրմանը:

«Բոլոր այդ քայլերը պետք է ձեռնարկվեն փուլային տարբերակով՝ հաշվի առնելով կոնկրետ պայմանները, եւ միայն այդ քայլերի հիման վրա պաշտոնական Բաքուն կարող է արտահայտել իր դորքորոշումը մյուս հարցերի շուրջ», - հայտարարել է Արազ Ազիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG