Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Կողմերը պետք է վճռական քայլեր ձեռնարկեն»


«Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար կողմերը պետք է վճռական քայլեր ձեռնարկեն: Սակայն բանակցային գործընթացի իրավիճակի վերջնական հստակեցումը հնարավոր կլինի միայն այս շաբաթավերջին», - ըստ ադրբեջանական ATV հեռուստաընկերության, այսօր Բաքվում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը:

«Իմ նպատակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելն է: Տարածաշրջանի բնակիչները խաղաղություն ցանկանալու իրավունք ունեն եւ դա պետք է արվի ամենամոտ ժամանակներս, ինչի համար անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել պետական մակարդակով», - ասել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով. - «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի զորու են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով»:

Այսօր Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննը, Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասիեն տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարության ղեկավարության հետ: Հանդիպմանը, որը տեւել է 1,5 ժամ, մասնակցել են նաեւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի փոխարտգործնախարարները եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը:

Նախատեսվում է նաեւ համանախագահների եւ բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG