Մատչելիության հղումներ

Հասմիկ Պողոսյանը ներկայացվեց մշակույթի նախարարության աշխատակիցներին


Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանին՝ շնորհակալություն հայտնելով արդեն նախկին նախարար Գեւորգ Գեորգյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

«Պարոն Գեւորգանը աշխատեց երեք ամիս: Այդ ընթացքում ես եւ նախարարը շատ սերտ աշխատել ենք, որ Հայաստանի մշակութային քաղաքականությունը կրի որոշակի արմատական փոփոխություններ: Այդ առումով Գեւորգ Գեւորգյանը իմ համախոհներից էր, եւ շատ եմ ափսոսում, որ քաղաքական իրավիճակի փոփոխության հետեւանքով առաջացավ նախարարի փոփոխության խնդիրը», - հայտարարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Անկուսակցական Հասմիկ Պողոսյանի թեկնածությունը առաջարկել է Միավորված աշխատանքային կուսակցությունը (ՄԱԿ), որին տրվել է մշակույթի նախարարի պորտֆելի տնօրինումը:

Վարչապետ Մարգարյանը հույս հայտնեց, որ Հասմիկ Պողոսյանը եւս կշարունակի իրագործել կառավարության հետ համատեղ մշակված ծրագրերը: «Բնականաբար, իր մոտեցումները արտահայտելով, բայց արմատական փոփոխություններ չեն լինի», - նշեց վարչապետը:

Երկուշաբթի օրը Հայաստանի նախագահը մշակույթի նախարար էր նշանակել Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական միության խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանին՝ այդ պաշտոնից ազատելով իշխող կոալիցիայից դուրս եկած «Օրինաց երկիր» կուսակցության աջակցած նախարար Գեւորգ Գեւորգյանին:

Հասմիկ Պողոսյանը 1986 թվականից տարբեր պաշտոններում աշխատել է վերոհիշյալ միությունում: Պողոսյանի հայրը՝ Ստեփան Պողոսյանը խորհրդային տարիներին երկար ժամանակ գլխավորել է Հեռուստառադիոյի պետական կոմիտեն եւ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG