Մատչելիության հղումներ

Ռոբերտ Սիմոնս. «Հայաստանը զգալի ճանապարհ է անցել ՆԱՏՕ-֊ի հետ համագործակցության ծրագրի իրականացման գործում»


Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-֊ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը այսօր բարձր է գնահատել ՆԱՏՕ֊-ի հետ Հայաստանի համագործակցության ծրագրի կենսագործման գործընթացը:

«Կարճ ժամանակաշրջանում Հայաստանը զգալի ճանապարհ է անցել անհատական գործընկերության գործողությունների ծրագրի դրույթները կյանքի կոչելու գործում», ֊- ասել է Սիմոնսը Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է արտգործնախարարության մամլո ծառայությունը, Արման Կիրակոսյանը Սիմոնսին ներկայացրել է վերջին զարգացումները Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ՝ Հայաստան -֊ Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը:

Վաղը Սիմոնսը հանդիպելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Անցած ամիս Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ «Հայաստանը ՆԱՏՕ֊-ին անդամակցելու մտադրություն չունի»: Միաժամանակ նա շեշտել էր. - «Հայաստանի եվրատլանտյան ամբիցիաները հավասարակշռված են, իրատեսական, դրականորեն են ընկալվում եվրոպական կառույցների կողմից եւ խնդիրներ չեն առաջացնում Ռուսաստանի փոխհարաբերություններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG