Մատչելիության հղումներ

Մշակութային երկխոսություն՝ հեքիաթների միջոցով


Այսօր Երեւանի Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանում տեղի ունեցավ «Հեքիաթների կամուրջներ» գրքույկի շնորհանդեսը, որը հրատարակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լիտվայի եւ Հայաստանի Ազգային հանձնաժողովների համագործակցությամբ՝ «Կովկաս» ծրագրի շրջանակներում: Այս ծրագրի նպատակը կովկասյան եւ բալթյան երկրների միջեւ մշակութային երկխոսության զարգացումն է:

Հայկական, վրացական եւ ադրբեջանական մեկական հեքիաթ թարգմանվել է լատվիերեն, լիտվերեն եւ էստոներեն, Բալթյան 3 երկրներից ընտրված 3 հեքիաթներ էլ թարգմանվել են հայերեն, վրացերեն ու ադրբեջաներեն:

Ծրագրի շրջանակներում 2004 թվականին անցկացվել է մանկական նկարչական մրցույթ: Էստոնական, լատվիական եւ լիտվական 3 հեքիաթները պատկերազարդվել են հայ, վրացի եւ ադրբեջանցի 90 երեխաների նկարներով: Լավագույն նկարազարդումները տպագրվել են «Հեքիաթների կամուրջներ» գրքույկում: Հայաստանը ներկայացնող երեխաներից 5-ը արժանացել է մրցանակի:

Տաթեւիկը 10 տարեկան է, սովորում է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, պատկերազարդել է «Էագլեն՝ լորտուների թագուհի» լիտվական հեքիաթի մի դրվագ եւ արժանացել առաջին մրցանակին:

10֊-ամյա Մերին էլ է նկարազարդել բալթյան երկրների հեքիաթները ու, թեեւ չի արժանացել որեւէ մրցանակի, ուրախ է, որ իր գրադարակին այսուհետ կունենա «Հեքիաթների կամուրջներ» գրքույկն ու գոնե մտովի կտեղափոխվի Բալթյան երկրներ:

Ու մինչ հայ մանուկները ծանոթանում են Բալթյան երկրների հեքիաթներին, լիտվացի, էստոնացի ու լատվիացի փոքրիկներն էլ կարդում են մեր՝ հայկական հեքիաթներից մեկը, նկարազարդում այն ու մտովի տեղափոխվում Հայաստան:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG