Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ընկերությունը մտադիր է ատոմակայան կառուցել Թուրքիայում


Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային այս երկրի պատմության մեջ առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման ընթացքում: Օրերս այս մասին հայտարարեցին ռուսական «Ատոմստոյէքսպորտ» ընկերության ներկայացուցիչները:«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս փաստը հաստատեց նաեւ ընկերության մամուլի խոսնակ Իրինա Եսիպովան:

«Մենք միայն հայտարարել ենք, որ նման կարողություն ունենք: Եթե Թուրքիայում նման մրցույթ հայտարարվի եւ կառուցվելու լինի այսպես կոչված «թեթեւ ջրով ռեակտոր», ապա այդ աշխատանքները իրականացնելու հնարավորություն մենք ունենք», - նշեց Եսիպովան:

Առաջին թուրքական ատոմակայանը՝ 5000 մեգավատտ հզորությամբ, կկառուցվի Սինոպում՝ Սեւ ծովի ափին, հայ-թուրքական սահմանից մոտ 800 կիլոմետր հյուսիս-արեւմուտք: «Ատոմստոյէքսպորտ»-ի ներկայացուցիչները պնդում են, որ շինարարության ծախսերը իր վրա է վերցնելու թուրքական կողմը:

Ըստ արեւմտյան աղբյուրների, սակայն, ռուսական կողմի մասնակցությունը Սինոպի ատոմակայանի շինարարությանը առայժմ վերջնականապես հստակեցված չէ: Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը՝ BBC-ի պնդմամբ, գերադասում է ընդհանրապես մրցույթ չանկացնել՝ ներքին կարգով ընտրելով 2007 թվականին մեկնարկող շինարարության պատասխանատուին:

Անկարայում նշում են, որ ռուսական ընկերությունից բացի կա եւս 10 հավակնորդ՝ հավելելով, որ «Ատոմստոյէքսպորտ»-ը, որի բաժնետոմսերի 53 տոկոսը, ի դեպ, պատկանում է «Գազպրոմ»-ին, բավական լավ շանսեր եւ արտերկրում ատոմակայաններ կառուցելու մեծ փորձ ունի: Այսօր ընկերությունը կառուցում է ատոմային ռեակտորներ Հնդկաստանում, Չինաստանում, Իրանում, Ղազախստանում, մասնակցում միանգամից երկու նոր կայանների շինարարությանը Բուլղարիայում: Էքսպանսիան դեպի հարավ մոսկովյան ընկերությունը պատրաստ է շարունակել նաեւ Հարավային Կովկասի պարագայում:

Ըստ Իրինա Եսիպովայի, եթե մի օր Հայաստանում ի վերջո որոշեն նոր ատոմակայան կառուցել, «Ատոմստոյէքսպորտ»-ը պատրաստ է ստանձնել նախագծի ինժեներական ողջ ապահովումը: «Եթե Հայաստանի իշխանությունները որոշեն նոր ատոմակայան կառուցել, մրցույթ հայտարարեն, ընկերությունը անկասկած դրան կմասնակցի», - համոզված է Եսիպովան:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG