Մատչելիության հղումներ

Ամերիկյան Կոնգրեսում ներկայացված օրինագիծը հորդորում է բացահայտել Հայաստանում կատարված սպանությունը


Ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատում երեկ մի օրինագիծ է ներկայացվել, որի հեղինակը՝ կոնգրեսական Բեթի ՄքՔոլումը հորդորում է բացահայտել ամերիկացի մանկավարժ Ջոշուա Հագլանդի՝ երկու տարի առաջ Հայաստանում կատարված սպանությունը:

33-֊ամյա Հագլանդի դիակը 2004 թվականի մայիսի 17֊-ի ուշ երեկոյան հայտնաբերվել էր Երեւանի Սայաթ-Նովայի եւ Հանրապետության փողոցների խաչմերուկում: Հագլանդը անգլերեն էր դասավանդում Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:

Ներկայացուցիչների պալատում ներկայացված օրինագիծը կոչ է անում բոլոր միջոցները ձեռնարկել Ամերիկայի քաղաքացու սպանությունը բացահայտելու համար եւ Հագլանդի անվան՝ 250 հազար դոլարի հիմնադրամ սահմանել Մինեսոտայի համալսարանում:

Հագլանգի ծնողները որդու մահվանից 5 ամիս անց ժամանել են Հայաստան եւ հայաստանցի փաստաբան վարձել: Սակայն հետաքննությունը, որը վարում է Երեւանի դատախազությունը, մինչեւ այժմ արդյունք չի տվել:

«Չգիտեմ, արդյոք կապրեմ մինչեւ այն պահը, երբ սպանությունը կբացահայտվի, բայց միգուցե երեխաներս կտեսնեն այդ օրը»,֊ - «Ասոշիեյթեդ փրես»-֊ին ասել է Ջոշուայի մայրը՝ Մաքսին Հագլանդ֊Բլոմերը: Գործակալության վկայությամբ՝ ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել է ատելության հողի վրա, քանի որ միասեռական էր, իսկ Հայաստանի հասարակությունը անհանդուրժողական է այդ երեւույթի նկատմամբ:

«Հագլանդի ընտանիքը արժանի է արդարության, իսկ Հայաստանի եւ Ամերիկայի իշխանությունները պետք է համատեղ աշխատեն՝ հետաքննությունը ավարտին հասցնելու համար»,֊ - ասել է կոնգրեսական ՄքՔոլումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG