Մատչելիության հղումներ

Ամերիկացի դիվանագետները լավատես են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում


ԱՄՆ-ի պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, թե լավատես են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության ձեռքբերման հնարավորության հարցում:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության հաղորդմամբ, Միացյալ Նահանգների Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնախմբի անդամների հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր պատերազմից հետո Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան հայտարարել է. - «Կողմերը ավելի քան երբեւէ մոտ են համաձայնության ձեռքբերմանը»:

Բրայզան նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պետք է քաղաքական արիութուն ցուցաբերեն՝ վերացնելու վերջին տարաձայնությունները: «Մենք դիտարկում ենք առաջիկա մի քանի ամիսը որպես հնարավորությունների իրական պատուհան», - ասել է դիվանագետը:

Պետդեպարտամենտի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցչի՝ Դեյվիդ Էփլթոնի կարծիքով, առաջընթացի արտահայտություններից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությանը` խնդրելով ծրագրեր մշակել խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելու նպատակով:

Մարտի սկզբին Երեւանում Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ չի համարում, որ Ռամբույեում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունները ձախողվել են: Նա նաեւ համաձայն չէր, թե «գործընթացը կանգնել է, եւ Մինսկի խումբը սպառել է իրեն»:

«Բանակցությունները լուրջ առաջընթացի չհանգեցրին, հարցը չլուծեցին, բայց դա չի նշանակում, որ դրանք ձախողվեցին», - նշել էր Բրայզան՝ ավելացնելով, որ շատ քայլերի շուրջ կան «լուրջ համաձայնություններ», բայց «վերջին քայլերն են, որ ամենադժվարն են». - «Պահանջվում է, որ կողմերը բարդ որոշում կայացնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG