Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանությունը համապետական համակարգչային ցանց կունենա


ԱՄՆ-ի կառավարության հովանավորությամբ առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանի ոստիկանությունը համապետական համակարգչային ցանց կունենա: Շուրջ 700 հազար դոլար արժողությամբ այս ծրագիրը ընդգրկված է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված Թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության համաձայնագրում:

«Ընդհանուր առմամբ, կլինեն 120 աշխատանքային համակարգիչներ, որոնց սպասարկումը կիրականացվի 18 սերվերների օգնությամբ: Աշխատանքները կիրականացվեն Երեւանից եւ 63 աշխատանքային մարզային գրասենյակներից», - ցանցի ստեղծման պայմանագրի ստորագրումից հետո նշեց Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին:

Ցանցը հասանելի կլինի նաեւ Հայաստանի սահմանային 6 անցակետերում: Համակարգչային ցանցի ստեղծումը հատկապես կարեւորվում է տվյալների շտեմարանի ստեղծմամբ: «Համակարգի գոյությունը ոստիկանությանը թույլ կտա ավելի արագ դարձնել իր ծառայությունների մատուցումը, ներառյալ՝ վարորդական իրավունքների եւ անձնագրերի տրամադրումը», - ասաց դիվանագետը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, իր կարծիքով, քանի՞ ոստիկան է այսօր տիրապտում համակարգչին, Արարատ Մահտեսյանը պատասխանեց՝ «Նման տվյալ այս պահին ներկայացնել չեմ կարող, բայց այս համակարգի ներդրումը ենթադրում է նաեւ ոստիկանների ուսուցում»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG