Մատչելիության հղումներ

Հրանտ Դինկ. «Ես հույս ունեմ մինչեւ վերջ տանել իմ պայքարը»


Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը կրկին կանգնել է թուրքական դատարանի առջեւ: Այս անգամ Հրանտ Դինկին մեղադրում են դատարանի վրա ճնշում գործադրելու մեջ:

«Նախորդ դատավճռից հետո ես հայտարարել էի, որ եթե այս պատիժը չեղյալ չհայտարարվի, ես կլքեմ Թուրքիան: Ինձ այս հայտարարության համար են ամբաստանում` մեղադրելով, թե ես ցանկանում եմ դատարանն իմ ազդեցության տակ առնել», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դինկը:

Այս գործով այսօր կայացած առաջին դատական նիստը (ինչպեսեւ վերջին շրջանի մյուս աղմկահարույց դատավարությունները Թուրքիայում) ուղեկցվել է ազգայնականների կազմակերպած ցույցով: Դատական նիստի ողջ ընթացքում, ինչպես նաեւ դատարանի մատույցներում Հրանտ Դինկն ու նրան ուղեկցող անձինք եղել են ոստիկանության հսկողության ներքո:

«Դժբախտաբար դատավարությունը անապահով էր մեզ համար», - փոխանցեց Դինկը: - «Փողոցը լեցուն էր ազգայնամոլներով, եւ մեր մուտքի ու ելքի ընթացքին հարձակումներ եղան, նույնիսկ` հարվածելու փորձեր»:

Դատավարությունը հետաձգվել է մինչեւ հուլիսի 7-ը: Հրանտ Դինկը նշում է, որ եթե այս անգամ էլ արդարացնող վճիռ չկայացվի, ինքը իրոք ստիպված է լինելու լքել Թուրքիան. - «Ես հույս ունեմ մինչեւ վերջ տանել իմ պայքարը, որ կարողանամ ապրել այս երկրում: Բայց, եթե չկարողանամ` պիտի հարգեմ իմ խոստումը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG