Մատչելիության հղումներ

Կոալիցիայի կազմից «Օրինաց երկիր»-ի դուրս գալը «չի հանգեցնի ներքաղաքական ճգնաժամի»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի փոխանցմամբ, երկրի նախագահը հանգիստ է վերաբերում կոալիցիայի կազմից «Օրինաց երկիր»-ի դուրս գալուն եւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականին:

«Իշխող կոալիցիայի կազմի փոփոխությունը սովորական մի երեւույթ է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար: Տվյալ դեպքում նույնպես խիստ արտառոց բան տեղի չի ունեցել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ շարունակելով. - «Առավել եւս՝ եթե հաշվի առնենք, որ կոալիցայի ներսում գոյություն ունեին որոշ տարաձայնություններ, եւ դրանք հասկանալիորեն պետք է որ ավելի սրվեին նախընտրական շրջանում, ինչի ականատեսն էին անցած մեկ ամսվա ընթացքում»:

«Միեւնույն ժամանակ, վստահ ենք, որ տեղի ունեցածը չի հանգեցնի ներքաղաքական ճգնաժամի: «Ապահարզանը» տեղի ունեցավ բաց եւ քաղաքակիրթ մթնոլորտում: Հանրապետական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն շարունակում են աշխատել հուշագրի շրջանակներում», - ասաց նախագահի խոսնակը՝ հավելելով. - «Իրավիճակից բխող փոփոխությունների իրականացումից հետո թե’ կառավարությունը եւ թե Ազգային ժողովը կշարունակեն աշխատել բնականոն հունով»:

Դիտարկմանը, թե կան որոշակի ակնարկներ, որ «Օրինաց երկիր»-ի պատգամավորների դուրս գալը խմբակցությունից եւ կուսակցության՝ կոալիցիայի կազմից դուրս գալը ղեկավարվում էր նախագահի նստավայրից, Վիկտոր Սողոմոնյանը արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ դրանք բամբասանքներ են եւ ես չեմ ուզում բամբասանքներ մեկնաբանել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG