Մատչելիության հղումներ

Վաղը Ադրբեջանում տեղի կունենան կրկնական ընտրություններ


Այս շաբաթվա կեսին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամները ժամանել են Ադրբեջան, որտեղ վաղը՝ մայիսի 13-ին տեղի կունենան Միլի Մեջլիսի կրկնական ընտրություններ: Բաքվի «Զերկալո» թերթի փոխանցմամբ, 19-ը դիտորդներից 17-ը պատգամավորներ են, եւս 2-ը՝ ԵԽԽՎ քարտուղարության ներկայացուցիչներ: Դիտորդների թիմը ղեկավարում է հոլանդացի օրենսդիր Լեո Պլատվոետը:

Ադրբեջանի խորհրդարանի կրկնական ընտրությունները կանցնեն 10 ընտրատարածքներում: Դիտորդները բոլորում էլ ներկա կլինեն: Կիրակի օրը՝ մայիսի 14-ին, նրանք կհրապարակեն իրենց նախնական գնահատականը:

Բաքվում հավատարմագրված որոշ դիվանագետներ կարծիք են հայտնել, թե իրավիճակը կրկնական ընտրությունների նախօրեին ընդհանուր առմամբ կայուն է, նախընտրական արշավն անցնում է նորմալ պայմաններում: Ադրբեջանի ընդդիմությունը մերժում է այդ գնահատականը:

Ընդդիմադիրները տարբեր կերպ են գնահատում ստեղծված իրավիճակը: «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը քննադատել է «Ազադլիգ» դաշինքի ղեկավարներին: «Ազադլիգ»-ն ընտրողների անտարբերությունը ներկայացնում է որպես դրական երեւույթ, մինչդեռ, ըստ Ղամբարի, դա «բնավ ուրախության առիթ չի կարելի համարել»:

Ըստ ընդդիմության, մարդկանց անտարբերության հիմնական պատճառն այն է, որ ոչ ոք չի հավատում, թե այս ընտրություններով կարելի է որեւէ բան փոխել: Նրանց խոսքերով, նույնիսկ եթե բոլոր 10 ընտրատարածքներում հաղթի ընդդիմությունը՝ Միլի Մեջլիսում ուժերի հարաբերակցությունը միեւնույն է չի փոխվի:

«Պաշտոնական Բաքուն ուզում է ցույց տալ, թե նոյեմբերյան աղաղակող կեղծիքներից հետո ճիշտ հետեւություններ է արել եւ ձեռնարկել է դեմոկրատական նորմերի հաստատմանն ուղղված քայլեր», - ասում են ադրբեջանցի ընդդիմադիրները:

Դեռ ապրիլի վերջին նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել էր. - «Իշխանությունները դրսեւորում են գործող օրենքների հիման վրա դեմոկրատական եւ արդար կրկնական ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն»:

Ադրբեջանի կրկնական ընտրություններին ընդհանուր հաշվով ներկա կլինի ավելի քան 160 օտարերկրյա եւ շուրջ 500 տեղական դիտորդ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 26-ից 30-ը Ստրասբուրգում կայանալիք ամառային նստաշրջանում կանդրադառնա Ադրբեջանի կրկնական ընտրությունների խնդրին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG