Մատչելիության հղումներ

Քաղավիացիայի ներկայացուցիչը հաստատում է, որ վթարված օդանավը Բրյուսելում տեխսպասարկում չի անցել


Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային անվտանգության տեսչական վարչության պետ Սերոբ Կարապետյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատեց, որ մայիսի 3-ին Սոչիում վթարի ենթարկված A320 օդանավը այս տարի Բրյուսելում Sabena Technics ընկերության կողմից տեխնիկական զննման չի ենթարկվել:

«Օդանավը սահմանված կարգով տեխնիկական սպասարկում անցել է, եւ անցել է Sabena Technics ընկերության կողմից», - ասաց Սերոբ Կարապետյանը: - «Բայց չի անցել դա Բրյուսելում, որովհետեւ այդ մեծ աշխատանքը, որ կատարվում է դրսի պայմաններում` Եվրոպայում, դա կատարվել է մեկ տարի առաջ՝ մայիսի 5-ին թռիչքային փորձարկումներով ավարտվել է: Դա կատարվել է «Լյուֆթհանզա տեքնիքս»-ի բազայում: Մյուս աշխատանքները, իրենց ծավալից ելնելով, որ այդ չափի չեն եղել, որ օդանավը Եվրոպա տեղափոխելու անհրաժեշտություն լիներ, կատարվել են Երեւան քաղաքում՝ Sabena Technics ընկերության աշխատակիցների կողմից»:

Կարապետյանը հավելեց, որ «Լյուֆթհանզա տեքնիքս»-ի կողմից տեխզննումը կատարվել է Բուդապեշտում:

Նրա խոսքերով, այս տարի օդանավը Հայաստանից դուրս (Եվրոպայում) ամբողջական տեխզննման չի ենթարկվել. - «Անհրաժեշտությունը չի եղել՝ այդ աշխատանքների ծավալից ելնելով, օդանավը տեղափոխել Եվրոպա: Դա պետք է լիներ երեք ամիս անց»:

Սերոբ Կարապետյանը, փաստորեն, հաստատեց այն, ինչ մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր Sabena Technics ընկերության խոսնակ Կարլա Դանիելսը. այն է՝ վթարի ենթարկված ինքնաթիռը երբեք չի եղել Բրյուսելում:

«Արմավիա» եւ «Լյուֆթհանզա տեքնիքս» ընկերությունների միջեւ կնքված պայմանագիրը գործել է մինչեւ 2005 թվականի հոկտեմբերի 19-ը:

«Մինչեւ հոկտեմբերի 19-ը լրիվ աշխատանքները կատարվել են գերմանական «Լյուֆթհանզա տեքնիքս» ընկերության կողմից՝ սահմանված կարգով: Եվ հոկտեմբերի 19-ից արդեն` Sabena Technics ընկերությունը»:

Ինչ վերաբերում է վթարի առնչությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքին, Հայաստանի գլխավոր դատախազության քննչական խմբի անդամներն երեկ երեկոյան մեկնել են Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանում հարուցված քրեական գործի նախաքննությանը:

Վթարից մեկ օր անց Հայաստանի գլխավոր դատախազության քննչական խմբի անդամները մեկնեցին Թբիլիսի՝ քննչական գործողություններ կատարելու, ծանոթանալու, ապա նաեւ՝ առգրավելու «Վրացաերոնավիգացիա» ընկերության տրամադրած նյութերը, մասնավորապես՝ վրացի դիսպետչերների եւ վթարի ենթարկված A320 ինքնաթիռի օդաչուների խոսակցությունները:

Գլխավոր դատախազության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Գուրգեն Ամբարյանի վկայությամբ, այդ ձայնագրություններից որոշակի բան չի պարզվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից՝ հրապարակման ենթակա որեւէ տեղեկություն առայժմ չկա:

Դատախազությունից երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասացին նաեւ, որ Սոչիում իրականացվող քննչական գործողություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն նաեւ «Վրացաերոնավիգացիա» ընկերության ներկայացուցիչները: Հայաստանից Սոչի գործուղվող քննչական խումբն ավելի քան երկու շաբաթ ռուս գործընկերների հետ քննչական գործողություններ կիրականացնի:

Հնարավոր է արդյո՞ք, որ քննչական խմբերի ձեռքի տակ եղած նյութերը, դրանց համադրումը եւ վրացի դիսպետչերների ցուցմունքները օգնեն թեկուզ մասամբ պարզելու վթարի պատճառները կամ վերջին պահերի իրադրությունը. այս հարցերը պատասխան դեռեւս չունեն: Կողմերը սպասում են «սեւ արկղերը» գտնելուն, որոնց որոնման աշխատանքներն այսօր էլ շարունակվում են:

Երեքշաբթի օրը ֆրանսիացի մասնագետները ժամանել են Սոչի եւ իրենց հետ բերած սարքավորումները, ըստ ռուսական լրատվամիջոցների, տեղադրում են ռուսաստանյան նավերից մեկի վրա:

Ռուսական լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Սեւ ծովի հատակում գտմվող A320 օդանավի «սեւ արկղերի» փարոսները կարող են աշխատել եւ ազդանշաններ արձակել եւս 30 օր, ինչը հաստատեցին նաեւ հայ մասնագետները:

Իսկ ծովի հատակում գտնվող «սեւ արկղերից» մեկում գրանցվում են ամբողջ թռիչքի ընթացքում օդանավի բոլոր ցուցանիշները՝ սկսած վառելիքի ծավալից մինչեւ փաստացի վիճակը: Մյուսում ձայնագրվում են օդաչուների եւ դիսպետչերների բոլոր խոսակցությունները:

Եթե ֆրանսիացի եւ ռուս մասնագետներին հաջողվի ծովից դուրս հանել «սեւ արկղերից» հատկապես առաջինը, ապա առավել հստակ կլինի, թե ինչ պատճառով է օդանավը վթարի ենթարկվել: Այս պարզաբանումները մեզ փոխանցեցին Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մասնագետները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG