Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ի եւս երկու պատգամավորներ դուրս եկան խմբակցությունից


Շաբաթ օրը Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին «Օրինաց երկիր»-ը ԱԺ-ում ներկայացնող խմբակցությունից եւ կուսակցությունից դուրս գալու մասին դիմում են ներկայացրել եւս երկու պատգամավոր՝ գործարարներ Գրիգոր Մարգարյանն ու Ալեքսան Պետրոսյանը:

Գրիգոր Մարգարյանին է պատկանում ռեստորանների «Բելաջո» ցանցը, իսկ Ալեքսան Պետրոսյանը «ՄԱՊ» ընկերության խորհրդի նախագահն է. ընկերությունը կոնյակի, տոմատի եւ այլ պահածոների արտադրությամբ է զբաղվում: Ալեքսան Պետրոսյանը խորհրդարանում էր հայտնվել «Օրինաց երկիր»-ի համամասնական ցուցակով, իսկ Գրիգոր Մարգարյանը ընտրվել էր թիվ 13 ընտրատարածքից էր:

Իսկ ուրբաթ օրը «Օրինաց երկիր» խմբակցությունից եւ «Օրինաց երկիր» կուսակցությունից գործարար պատգամավորներ Արշակ Մխիթարյանի եւ Մելիք Մանուկյանի դուրս գալու մասին հայտնել էր «Օրինաց երկիր» կուսակցության լրատվական ծառայությունը:

Մելիք Մանուկյանը Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության, ինչպես նաեւ Առեւտրաարդյունաբերական պալատի խորհուրդների անդամ է: Արշակ Մխիթարյանը մինչեւ «Օրինաց երկիր»-ի ցուցակով խորհրդարան ընտրվելը եղել է Կոտայքի մարզի Նոր Գեղիի «Աղավնի» ընկերության տնօրենը:

Որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ գործարարների հեռացումը կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր»-ից պայմանավորված է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի միջեւ վերջերս ծագած տարաձայնություններով՝ նախագահի վարչակազմը փորձում է ֆինանսական հիմքից զրկել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր»-ը:

Անցած ամիս կուսակցությունը իր շարքերից հեռացրեց SAS ընկերության ղեկավար Արտակ Սարգսյանին, ով, այդուհանդերձ, մնում է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ:

Գործարար պատգամավորների հեռանալուց հետո «Օրինաց երկիր» խմբակցությունն այժմ ունի 15 անդամ 131տեղանոց խորհրդարանում: Մեկնաբանների կարծիքով, գործարար պատգամավորների՝ «Օրինաց երկիր»-ի շարքերը լքելու գործընթացը շարունակվելու է:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG