Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հաջորդ ամսվա սկզբին»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է, որ հաջորդ ամսվա սկզբին կարող է անցկացվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում:

«Վայրի եւ ամսաթվի վերաբերյալ այս պահին կոնկրետ պայմանավորվածություններ դեռեւս չկան»,֊ - ասել է լրագրողներին արտգործնախարարը, ով այսօր Երեւանում մասնակցել է «Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը՝ անդամակցության հինգ տարի» համաժողովին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկային հայտնեց Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, երկու նախագահների հանդիպման վայրը եւ ժամկետը կհստակեցվեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ստրասբուրգում կայանալիք հանդիպումից եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախախագահների՝ տարածաշրջանային այցից հետո:

Վարդան Օսկանյանը չի բացառել, որ առաջիկա հանդիպումը կարող է տապալվել Ռամբույեի հանդիպման նման՝ միաժամանակ նշելով. - «Հայաստանը կատարել է իր քայլերը, հիմա անհրաժեշտ է, որ Ադրբեջանն էլ համապատասխան քայլեր անի, որպեսզի կարողանանք գործընթացը տեղից շարժել»:

«Այսօր մեր խնդիրը հետընթաց քայլեր չանելն է: Ադրբեջանի կողմից ակնկալվում են համապատասխան քայլեր: Եթե ոչ՝ դժվար կլինի առաջ շարժվել»:

Անդրադառնալով մտավախություններին, թե Ալիեւի վաշինգտոնյան այցից հետո Ադրբեջանի դիրքերը ամրապնդվեցին, Օսկանյանն ասաց.- «Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ: Մենք գիտենք,որ Ադրբեջանին Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով հստակ հասկացրել են, թե ռազմական լուծումը տարբերակ չէ: Եվ դա մենք դրական ենք գնահատում: Եթե այդ տարբերակը չբացառվի, եւ նրանք անընդհատ այն իբրեւ պահեստային տարբերակ ունենան, դժվար կլինի զիջումների գնալ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG