Մատչելիության հղումներ

Արտագնա աշխատանքի մեկնած զոհվածների հարազատները անմխիթար վիճակում են


Չորեքշաբթի վաղ առավոտյան վթարի ենթարկված Երեւան – Սոչի չվերթն իրականացնող «Արմավիա»-ի A320 օդանավի ուղեւորների ճնշող մեծամասնությունը Հայաստանի քաղաքացիներ էին, ու թեեւ Սոչին հայտնի է որպես ծովափնյա հանգստավայր, ուղեւորներից շատերը մեկնում էին արտագնա աշխատանքի:

24-ամյա Մեսրոպ Փիլիպոսյանի դիակը դեռ չի գտնվել: Մեծ եղբայրն ու հորեղբայրն այժմ այն մարդկանց թվում են, ով մահացածի յուրաքանչյուր նկարի մեջ իրենց Մեսրոպին են փնտրում: Ողջ օրը եւ գիշերը հարազատներն ու ընկերները չեն հեռացել տան դիմացից: Յուրաքանչյուր մտնողից Մեսրոպի մայրը նորություն է ակնկալում, իսկ նրանք ոչինչ չունեն ասելու:

Չորեքշաբթի երեկոյան Սոչիում գտնվող հարազատները ջրից հանված դիակներից մեկը Մեսրոպի են նմանեցրել, սակայն հետո իրերի տարբերությամբ չի հաստատվել այդ վարկածը: Հարազատները նրան այլեւս ողջ տեսնելու հույսեր չեն կապում: Միակ ակնկալիքը դիակը գտնելն է:

«Դա է մնացել: Դրանից էլ արդեն հույսներս կտրում ենք... Դաժան ցավ է», - ասաց Փիլիպոսյանի մերձավոր ազգականներից մեկը՝ շարունակելով. - «80-ամյա տատիկը մղկտում է՝ «երանի ես մեռնեի ու պատճառ լինեի, որ չգնար [Սոչի]»:

Մեսրոպի 7 հորեղբայրների ընտանիքները ապրում են նույն բակում, եւ ամենածանրը Մեսրոպենց ընտանիքն է ապրում՝ նկուղային հարկում:

Փիլիպոսյանի հորեղբոր կնոջ խոսքերով, նա Սոչի մեկնում էր արտագնա աշխատանքի. - «Քանի որ աշխատանք չկար՝ հիմնական պատճառը դա էր: Եղբայրը այնտեղ էր, կանչեց, թե՝ գործ կա, արի միասին կաշխատենք: Նպատակով գնաց, որ պիտի գար՝ ամուսնանար»:

«Պիտի գնար այնքան փող աշխատեր-բերեր, որ տները սարքեր, ամուսնանար, ծնողներին էլ երջանկացներ... Այդ նպատակով էր գնաց»:

Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում նույնպես սուգ է: 36-ամյա Համլետ Աբգարյանը եւս Սոչի էր գնում ընտանիքի սոցիալական պայմանները բարելավելու հույսով: 2 զավակ ունի: 8-ամյա որդին եւ 5-ամյա դուստրն այսօր դժվարությամբ են հասկանում, թե ինչու վաղ առավոտից, երբ իրենք դեռ անկողնում էին, տունը տասնյակ մարդկանցով լցվեց:

Համլետի ընկերը՝ Խորենը իրեն մեղավոր է զգում, քանի որ չարաբաստիկ այդ գիշերը ինքն է Համլետին ու 21-ամյա Վռամին տարել օդակայան:

«Գնում էր աշխատելու՝ ընտանիքը պահելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Խորենը: - «Այնտեղ ընկերներ ուներ՝ կանչել էին»:

Բանակից վերջերս զորացրված Վռամ Հոնհաննիսյանի հարեւանների խոսքերով, երիտասարդը նույն նպատակով էր մեկնում Ռուսաստան: «Միակ գերնպատակը դա էր՝ գնա գումար վաստակի եւ կարողանա սեփական ընտանիքը ստեղծել»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG