Մատչելիության հղումներ

Վալդաս Ադամկուս. «Հայաստանը այն գաղափարների օրրան է, որոնք այսօր էլ Եվրոպայի համար արժեքավոր են»


«Ընդհանուր հարեւանության ընդհանուր տեսություն» խորագրի ներքո այսօր Lիտվայում մեկնարկում է միջազգային համաժողով, որին մասնակցում են Բալթյան եւ Սեւծովյան երկրների նախագահները, վարչապետերը եւ արտգործնախարարները: Հայաստանը ներկայացնում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Համաժողովի մասնակիցների թվում են ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին, Lեհաստանի նախագահ Lեհ Կաչինկսին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:

«Ընդհանուր տեսություն ասելով, նկատի ունեմ մի միջոց, որը մեզ պարտավորեցնում է կառուցել Եվրոպա՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ուղղված տնտեսական ինտեգրմանը: Ես հավատում եմ, որ մենք կառուցում ենք նոր հանրություն, որն ունի ընդհանուր նպատակներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Lիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը:

Հարցին, թե ի՞նչ ընդհանուր նպատակներ կարող են ունենալ Lիտվան ու Հայաստանը, Ադամկուսը պատասխանեց. - «Եկեք հետադարձ հայացք ձգենք Հայաստանի պատմությանը: 2000 տարի առաջ այն դարձավ քրիստոնեության օրրան, օրրան այն գաղափարների, որոնք այսօր էլ Եվրոպայի համար արժեքավոր են: Եվ այսօր, երբ մենք խոսում ենք ընդհանուր արժեքների, ընդհանուր հարեւանության մասին, պետք է նայենք պատմությանը»:

Բացատրելով, թե ինչու է ընդամենը երկու տարի առաջ Եվրամիությանն անդամակցած Lիտվան այդքան ակտիվորեն փորձում նպաստել հարեւան պետությունների ժողովրդավարությանը, Ադամկուսը ասաց. - «Ես հավատում եմ, որ մեր հարեւանները իրավունք ունեն օգտվել նույն արտոնություններից, նույն իրավունքներից, ապրել նույն կանոններով, ինչ մենք: Եկեք ընդունենք, որ Եվրոպան մեկ միասնական մայրցամաք է»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG