Մատչելիության հղումներ

«Վրաստանից եւ Ռուսաստանից, ենթադրաբար, տարբեր տեղեկություններ են հաղորդել հայկական ինքնաթիռի անձնակազմին»


Օդագնացության վրացական ընկերությունը ենթադրում է, որ վրացական եւ ռուսաստանյան աղբյուրներից հայկական ինքնաթիռի անձնակազմին տարբեր տեղեկություններ են հաղորդվել եղանակային պայմանների վերաբերյալ:

«Օդանավը մոտ 1 ժամ 20 րոպե գտնվում էր Վրաստանի օդային տարածքում: Մենք անձնակազմին հաղորդեցինք, որ Սոչիում եղանակն անբարենապաստ է, անձնակազմը որոշեց հետ վերադառնալ: Սակայն մոտ 20 րոպե անց, երբ ինքնաթիռն արդեն հասել էր Քութաիսի, անձնակազմը մեզ ասաց՝ «Մեկ րոպե, մեզ Ռոստովից այլ տեղեկատվություն են հաղորդում»: Թերեւս, Ռոստովից ասել էին, թե եղանակը վայրէջքի համար բարենապաստ է», - ենթադրում է «Վրացաերոնավիգացիա» ընկերության մամուլի խոսնակ Թեա Գադաբաձեն:

«Անձնակազմը մեզանից կրկին միջանցք խնդրեց՝ Սոչի ուղեւորվելու համար: Մենք հարցրինք՝ «Իսկ վառելիք ունե՞ք», քանի որ ինքնաթիռը անընդհատ պտտվում էր օդում: Սկզբում մեզ պատասխանեցին՝ «Այո, ունենք երկու ժամվա համար», ապա, երբ ինքնաթիռը շրջվեց դեպի Սոչի, դիսպետչերը կրկին հարցրեց` «Ունե՞ք, դեռ մնացել է՞, չէ որ ինքնաթիռն անընդհատ պտտվում է»: Այս անգամ զարմանալի պատասխան հնչեց՝ «Այո, վառելիքը կբավականացնի եւս 2,5 ժամ»:

«Այս թվերի միջեւ ակնհայտ անհամապատասխանություն կա, ինչը շատ տարօրինակ է», - ասաց «Վրացաերոնավիգացիա» ընկերության մամուլի խոսնակը: - «Օդանավի հրամանատարը մեզ հրաժեշտ տվեց մոտավորապես Երեւանի ժամանակով գիշերվա երեքին, հրամանատարը նույնիսկ ասաց՝ «Լավ, կհանդիպենք մեկ ժամից»: Նրանք ծրագրում էին անմիջապես հետ վերադառնալ Երեւան: Մենք փոխանցեցինք ինքնաթիռը Ռոստովի ավիադիսպետչերներին: Դրանից 15 րոպե անց այն կորավ»:

«Վրացաերոնավիգացիա»-ի ներկայացուցչի խոսքով, ընկերությունը պահպանում է դիսպետչերների եւ անձնակազմի միջեւ բոլոր խոսակցությունների ձայնագրությունները:


Հեղինե Բունիաթյան եւ Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG