Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն պնդում է, թե ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է վճարելու ավիավթարում զոհվածների հարազատներին


««Արմավիա» ընկերության վթարի ենթարկված A-320 ինքնաթիռի անձնակազմի եւ ուղեւորների հարազատները կստանան ապահովագրական փոխհատուցում՝ 20 հազար դոլար յուրաքանչյուր զոհվածի համար», - լրատվական գործակալությունների փոխանցմամբ, հայտարարել են «Արմավիա» ընկերությունում:

Բոլոր զոհվածները ապահովագրված էին «Գրանդ» ընկերության կողմից: Ապահովագրված էր նաեւ ինքնաթիռը, սակայն ինքաթիռի համար ապահովագրական գումարը վճարվելու է փորձագիտական ուսումնասիրությունից հետո եւ միայն այն դեպքում, եթե պարզվի, որ պահպանվել են ինքնաթիռի շահագործման բոլոր կանոնները:

«Գրանդ» ապահովագրական ընկերությունը, ինչպես եւ «Արմավիա»-ն պատկանում են գործարար Միխայիլ Բաղդասարովին:

Եվրոպական Airbus ավիակոնցեռնից հայտնել են, որ «Արմավիա»-ի կողմից 2004 թվականից շահագործվող A-320 ինքնաթիռը արտադրվել է1995 թվականին՝ այս ընթացքում իրականացնելով 14400 չվերթ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Airbus-ը բազմակողմանի օգնություն կցուցաբերի վթարի պատճառները հետաքննող Ռուսաստանի ավիացիոն իշխանություններին՝ դեպքի վայր են մեկնում Airbus-ի 6 մասնագետներ:

«Քանի որ կատարվածի հետաքննության պատասխանատվությունը դրված է Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների վրա, Airbus-ը հնարավոր չի համարում մասնակցել ավիավթարի պատճառների շուրջ քննարկումներին», - ասված է Airbus-ի հայտարարությունում:

Մինչդեռ, «Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբ, Ֆրանսիայի Կոլմար քաղաքում երեկ սկսվել է ավիացիայի 6 աշխատակիցների նկատմամբ դատավարությունը: Նրանք մեղադրվում են նրանում, որ անհրաժեշտ միջոցները չեն ձեռնարկել 1992 թվականին Airbus A320 ինքնաթիռի վթարը կանխելու համար, ինչի արդյունքում Ստրասբուրգի մոտակայքում զոհվել էր 87 մարդ: Մեղադրյալները չեն ընդունում մեղքը:

Երկարատեւ քննության արդյունքում չի հաջողվել պարզել, թե ինչու է ինքնաթիռը մխրճվել սարի մեջ:

Իսկ Ազգային ժողովում այսօր կայացած խորհրդակցության ժամանակ պատգամվորները որոշել են զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով դրամահավաք կազմակերպել եւ մայիսի 4-ին Ազգային ժողովի նիստ չանցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG