Մատչելիության հղումներ

Հրաժարական ներկայացրած պատգամավորը հետ է վերցրել իր դիմումը


Ապրիլի 10-ին պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին Ազգային ժողովի նախագահին դիմում ներկայացրած Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) խմբակցության անդամ Լեւոն Պողոսյանը հետ է վերցրել իր դիմումը:

Խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր հայտարարեց, որ Պողոսյանը օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում հետ է վերցրել իր դիմումը, ուստի շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր:

Պատգամավորական գործունեությունից հրաժարվելու ցանկությունը Պողոսյանը բացատրել էր հետեւյալ կերպ. - «Ես «Մշակ» ընկերության տնօրենն եմ, եւ նոր Սահմանադրությունը ինձ թույլ չի տալիս զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Իսկ այսօր Պողոսյանը ասաց, որ «Մշակ» ընկերությունը իր բաժնետոմսերը կառավարման է հանձնել շվեյցարական փաստաբանական մի ընկերության, հետեւաբար ինքը կարող է մնալ պատգամավոր:

«Օրենքի տեսակետից մենք պահպանել ենք բոլոր կետերը, որպեսզի դա ճիշտ լինի», - լրագրողներին ասաց Պողոսյանը:

«Մշակ» ընկերությունում բաժնեմաս ունի նաեւ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, ով նույնպես իր բաժնետոմսերի կառավարումը հանձնել է նույն ընկերությանը: «Մենք վճարում ենք նաեւ այդ ընկերությանը: Սակայն մենք գտանք, որ արժե վճարել եւ ունենալ այն կառուցվածքը, որ ունի խմբակցությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արսենյանը:

«Երբ մեր կարգավիճակը համահունչ դարձրեցինք սահմանադրական նորմերի պահանջներին, վերացավ նաեւ Լեւոն Պողոսյանի հրաժարականի անհրաժեշտությունը», - եզրափակեց նա:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG