Մատչելիության հղումներ

Վլադիվոստոկում կալանվել է մաքսատան պետը


Վլադիվոստոկում շաբաթասկզբին կալանքի տակ են առնվել Հեռավորարեւելյան մաքսային վարչության պետ Էռնեստ Բախշեցյանը եւ նրա առաջին տեղակալ Ալեքսանդր Վորոբյովը:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, երկրամասի դատախազությունը Բախշեցյանի եւ Վորոբյովի նկատմամբ քրեական գործ է հարուցել «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածով:

Իրավապահ մարմինների տեղեկություններով, մաքսային վարչության պետն ու իր տեղակալը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրենց ենթականերից պահանջում էին ներմուծվող լայն սպառման ապրանքատեսակները ձեւակերպել առաջնահերթության կարգով եւ մաքսային հսկողության պարզեցված ձեւով՝ առանց զննման:

Այն բանից հետո, երբ նախագահ Պուտինը կառավարությունից պահանջեց կարգուկանոն հաստատել սահմանային անցակետերում՝ առանձնացնելով մաքսային մարմինների եւ բիզնես կառույցների գործառույթները, Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հայտարարել էր մաքսանենգության, ինչպես նաեւ Դաշնային մաքսային ծառայության աշխատակիցների շրջանում կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու մասին:

Այդ պայքարի շրջանակներում մաքսատների աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել երկրի մի շարք շրջաններում՝ ներառյալ Մոսկվան եւ Սանկտ-Պետերբուրգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG