Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը սատարում է ԱՄՆ-ում հայ լոբբիստներին


System of a Down խմբի երգիչ Սերժ Թանկյանը Վաշինգտոնում միացել էր Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող հայ լոբբիստներին:

Խումբը, սովորաբար, ապրիլի 25- ին Լոս Անջելեսում մասնակցում է բարեգործական համերգի, որի եկամուտը փոխանցվում է լոբիիստներին: Այս անգամ System of a Down-ը ուղեւորվում է երկրի արեւելյան նահանգներ:

«Կարծում ենք, մեր ներկայությունն այստեղ կնպաստի Կոնգրեսում մեզ հետաքրքրող բանաձեւերի քննարկմանը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիսը թող իմանա, որ մենք այստեղ ենք եւ շարունակ պահանջում ենք քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը», - ապրիլի 26-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Սերժ Թանկյանը:

Երգչի խոսքերով, խումբը մնացածներից ավելի քաղաքական չէ: Ներկայիս վիճակն է ստիպում ուշադրություն հատկացնել քաղաքականությանը. - «Հիմա կան քաղաքական հարցադրումներ արծարծող այնքան խմբեր, որքան եղել են 60-ականներին, սա ընդամենը արձագանքն է ընթացիկ քաղաքականությանը եւ անարդարությանը, որն առկա է արտաքին քաղաքականության բնագավառում»:

Հարցազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Անդրեին եւ նրա մասնակցությանը «Եվրատեսիլ»-ին: «Եվրատեսիլ»-ին Անդրեն ներկայացել է որպես Լեռնային Ղարաբաղի քաղաքացի, ինչը մեծ աղմուկի պատճառ էր դարձել Ադրբեջանում: Ադրբեջանի կառավարությունը պնդել էր, որ Անդրեն ներկայանա որպես ադրբեջանցի:

Բացի Ադրբեջանից, «Եվրատեսիլ»-ին մասնակցության համար Անդրեի ընտրած երգը կրքեր է բորբոքել նաեւ Հայաստանում: Սերժ Թանկյանը խուսափել է մեկնաբանություններ անել այդ կապակցությամբ, սակայն ասել է, որ համաձայն է հենց այդ երգչի ընտրության հետ. - «Ես չեմ կարող ինչ-որ բան ասել. չեմ լսել երգը: Նա [Անդրեն] տվեց է ինձ իր ձայներիզը, երբ ես հանդիպեցի իրեն Հայաստանում: Լսել եմ այն եւ կարծում եմ, որ նա լավ փոփ երգիչ է, ռոմանտիկ ոճի երգիչ է»:


Ջուլիա Քորուին, Վաշինգտոն եւ Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG