Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը Իրանի դեմ որեւէ գործողության չի մասնակցի»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Իրանի դեմ որեւէ գործողության:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Միջազգային հարաբերությունների խորհրդում, Ալիեւը հիշեցրել է, որ «Ադրբեջանը շատ հստակ համաձայնություն ունի Իրանի հետ առ այն, որ երկու երկրների տարածքը չի կարող օգտագործվել երկրներից որեւէ մեկի դեմ գործողություններ իրականացնելու համար»:

Որոշ վերլուծաբաններ, ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, կարծիք են հայտնել, թե Սպիտակ տունը Ալիեւին հրավիրել է համոզելու միանալ հակաիրանական կոալիցիային՝ Իրանի միջուկային ծրագրերը կանխելու մտադրությամբ:

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ իր ամերիկացի պաշտոնակից Ջորջ Բուշի հետ ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ժամանակ մտադիր է առանձնացնել «Ադրբեջանի համար ամենագլխավոր եւ ամենացավոտ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը», - հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը: Ալիեւը պնդել է, թե «հայերը օկուպացրել են ադրբեջանական տարածքները»:

Խոսելով իր երկրի աճող նավթային եկամուտների մասին՝ Ալիեւը կարծիք է հայտնել, որ «տնտեսական բարեփոխումներն առանց քաղաքական բարեփոխումների լուրջ պրոբլեմների կհանգեցնեն»:

Նախօրեին Freedom house իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Ջենիֆեր Ուինձորը կարծիք էր հայտնել, թե «նախագահ Ալիեւի այցը լավ հնարավորություն է ընձեռում Ջորջ Բուշին՝ Ադրբեջանում ժողովրդավարության պակասի հարցը քննարկելու համար»:

Երեկ Ալիեւը չի համաձայնել այն պնդումների հետ, թե Ադրբեջանում «ռեժիմ» է գործում, եւ պնդել է, թե իր երկրում «առկա են բոլոր հիմնարար ազատությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG