Մատչելիության հղումներ

«Ատրատֆոր». «Հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է վերսկսվել»


Ամերիկյան «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնը հրապարակել է հերթական վերլուծությունը Ադրբեջանի մասին, ուր կանխատեսումներ կան նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման հնարավորության վերաբերյալ:

«Երկու ամսվա ընթացքում կսկսի գործել Բաքու - Ջեյհան խողովակաշարը, որը Կասպից ծովի նավթը կհասցնի Միջերկրական ծով: Ակնկալվում է, որ 2006 թվականի վերջին խողովակաշարը եւ մյուս էներգետիկ ծրագրերը Ադրբեջանին 2 միլիարդ 800 միլիոն դոլարի եկամուտ կբերեն: Թեեւ այս փողերի մեծ մասը բաժին է հասնելու Իլհամ Ալիեւին եւ նրա կլանին, ռազմական բյուջեն նույնպես օգտվելու է այս եկամուտներից»:

Հայ-ադրբեջանական առճակատման գոտում ներկա իրավիճակը «Ստրատֆոր» կենտրոնի փորձագետները գնահատում են «լարված». - «Փխրուն հրադադարը պահպանվում է 1994 թվականից ի վեր, բայց արձանագրվել են փոխհրաձգություններ ճակատային գծում: Ադրբեջանի եւ Հայաստանի վերջին հանդիպումը Ֆրանսիայում չմոտեցրեց երկու երկրներին հակամարտության կարգավորմանը»:

«Կանխիկ դրամի հոսքի պայմաններում, Ադրբեջանը կարող է զենք ու ռազմական մեքենաներ գնել Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից կամ նախկին Վարշավայի պայմանագրի անդամ երկրներից: Ադրբեջանի զինվորականությունը կարող է խորհուրդներ ստանալ Միացյալ Նահանգներից»:

Ամերիկյան վերլուծական կենտրոնի մասնագետների կարծիքով, փոքր հայկական ռազմական բյուջեն «հնարավոր էր հայկական ազգանականության ուժի եւ ադրբեջանական բանակի թերարժեքության պայմաններում, բայց հետագայում ֆինանսավորման ակնհայտ անհավասարությունը կարող է փոխել այդ հավասարակշռությունը»:

Կենտրոնի փորձագետները փաստում են, որ 2005-ին Հայաստանի ազգային բյուջեն կազմել է 930 միլիոն դոլար այն դեպքում, երբ Ադրբեջանինը հասել է 2 միլիարդ 986 միլիոնի: 2005-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել էր 300 միլիոն դոլար: Սակայն Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն շուտով կհավասարվի Հայաստանի ողջ ազգային բյուջեին: Հայաստանի ռազմական բյուջեն անցյալ տարի կազմել է 100 միլիոն դոլար: Այս տարի այն կհասնի 160 միլիոն դոլարի: Հիմա Բաքու - Ջեյհան խողովակաշարը լցվում է նավթով: Ադրբեջանի եւ Վրաստանի հատվածները լցվել են, լցվում է նաեւ Թուրքիայի հատվածը: 2007-ին նավթի արտադրությունը զգալիորեն կաճի: 2008 թվականին խողովակաշարը կգործի իր լրիվ կարողությամբ՝ օրական մեկ միլիոն բարել հզորությամբ, ինչը մեծ եկամուտներ կբերի Ադրբեջանին:

«Թեեւ թվում է, թե անջատողական տարածքը հետ վերցնելու Ադրբեջանի փորձը անխուսափելի է ներկայանում, կան մի շարք գործոններ, որոնք կարող են մեղմել ցանկացած ագրեսիվ քայլ: Այս գործոններից են բազմաթիվ միջազգային կորպորացիաները, որոնք եկել են Ադրբեջան եւ իրականացնում են էներգետիկ նախագծեր: Եվ ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել արդյունահանման գործողությունները կամ խողովակաշարերը, դժգոհություն կառաջացնի այս մարդկանց մոտ, ովքեր Ադրբեջան են բերել բոլոր այս եկամուտները», - գրում են «Ստրատֆոր»-ի մասնագետները:

Նրանք գտնում են նաեւ, որ թե’ Բաքու - Ջեյհանը եւ թե’ հարավկովկասյան խողովակաշարը մոտ են Լեռնային Ղարաբաղին եւ հարեւան Վրաստանի անջատողական տարածքներին. - «Խափանարար գործողությունները Բաքու - Ջեյհան խողովակաշարի դեմ շատ հավանական են դառնում, չնայած անվտանգության խիստ միջոցառումներին: Տարածաշրջանի բոլոր անջատողականները վայելում են Ռուսաստանի աջակցությունը, իսկ վերջինս կարող է հավանություն տալ ցանկացած խափանարարության, քանի որ Բաքու - Ջեյհանը շրջանցում է Ռուսաստանը»:

Մյուս կողմից «Ստրատֆոր»-ը նշում է, թե «հայերը ցույց են տվել, որ պատրաստ են կռվել». - «Հայերը նաեւ բավական ուժեղ են քաղաքականապես: Հայկական համայնքը Միացյալ Նահանգներում, որն իր թվաքանակով գերազանցում է Հայաստանում ապրող հայերին, ազդեցիկ լոբբի ունի Վաշինգտոնում: Նուրբ հավասարակշռություն է ստեղծվել Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերությունների եւ Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան աջակցության միջեւ: Այս հավասարակշռությունը կստիպի Վաշինգտոնին անել ամեն բան՝ իր հնարավորության սահմաններում կանխելու հակամարտության վերառազմականացումը»:

«Այնուհանդերձ, ոչինչ չի կարող կանխել տասնամյակներ տեւած արյան թշանամանքի ուժեղացումը մի տարածաշրջանում, ուր պատմությունը նշանակում է ամեն ինչ: Ցանկացած գժտություն կարող է ուժեղանալ եւ պատճառ դառնալ նոր արյունահեղություն: Դանդաղ, բայց հաստատուն կերպով հակամարտությունը կրկին կհասունանա, բայց այս անգամ ադրբեջանական կողմը ավելի լավ պատրաստված կլինի, ավելի լավ զինված եւ ֆինանսավորված կլինի՝ աստիճանաբար իր կողմը թեքելով հավասարակշռությունը». - ահա այսպիսի մռայլ կանխատեսությամբ է եզրակափակում իր վերլուծականը ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG