Մատչելիության հղումներ

Վալդաս Ադամկուս. «Ցանկացած ազգ ունի ազատ եւ անկախ լինելու իրավունք»


«Ցանկացած ազգ, ցանկացած պետություն, ցանկացած մարդ ունի ազատ եւ անկախ լինելու իրավունք, իր ինքնությունը իր տարածքի սահմաններում պահպանելու իրավունք», - այսօր Երեւանի պետական համալսարանում հայտարարել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ իր երկրի պաշտոնական դիրքորոշման մասին հարցին:

«Իմ կարծիքով այն, ինչ պատկանում է ձեզ, պետք է պատկանի ձեզ, եւ որեւէ վեճ դրա վերաբերյալ չպետք է լինի: Բայց դրան հասնելու համար երկխոսություն է անհրաժեշտ», - ասաց Վալդաս Ադամկուսը: Նրա համոզմամբ՝ խնդրի լուծումը «չի կարող պարտադրվել»:

Այսօր Լիտվայի նախագահը հանդիպել է նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Վալդաս Ադամկուսը տեղեկացրել է, որ այս տարվա մայիսի 4-5-ը Վիլնյուսում նախատեսվում է անցկացնել Բալթյան եւ Սեւծովյան երկրների ղեկավարների գագաթնաժողով՝ շուրջ 15 երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ տարածաշրջանի երկրների, Ռուսաստանի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսության նոր ձեւերի մշակման նպատակով:

Լիտվայի նախագահը այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ: Իսկ Երեւանի կոնյակի գործարանում Վալդաս Ադամկուսին մի տակառ կոնյակ են նվիրել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG