Մատչելիության հղումներ

Հայաստանն առաջարկել է հյուրընկալել ցեղասպանությունները կանխելու շուրջ հերթական միջազգային սեմինարը


Եվրախորհրդի նախաձեռնությամբ «Ուսանել հիշողություն» ծրագրի շրջանակներում երրորդ անգամ անցկացվող սեմինարը անցավ Պրահայում ու Չեխիայի Թերեզին բնակավայրում, որտեղ հրեական համակենտրոնացման ճամբարներից մեկն է եղել:

Թեեւ սեմինարը սկսվեց հենց ապրիլի 24-ին, անգամ բացման խոսքում որեւէ բառ չասվեց Հայոց ցեղասպանության ու զոհերի հիշատակի մասին: Եվրախորհրդի կրթության ու գիտության, մշակույթի ու ժառանգության, սպորտի ու երիտասարդության հարցերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնին, ի պատասպան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, պարզաբանեց, որ, անշուշտ, ինքը մտածել է այդ մասին, սակայն որոշել է «զերծ մնալ սեմինարը քաղաքականացնելուց»:

Սեմինարի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի գիտության ու կրթության նախարար Սերգո Երիցյանը: «Նման հանդիպումներն ու շփումները հնարավորություն կտան ի վերջո արդյունքի հասնելու, իսկ արդյունքը, անկասկած, պետք է լինի ճշմարտությունը: Հարկավոր է ճշմարտությունը հասցնել բոլոր այն երկրների մատաղ սերունդներին, որոնք ցանկանում են հիշողության ձայնը դարձնել ուսուցման առարկա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Երիցյանը:

Եվրախորհրդի այս ծրագրի հերթական սեմինարը Հայաստանում անցկացնելու առաջարկությունը մեծ ոգեւորությամբ ընդունվեց Գաբրիելա Բատաինի-Դրագոնի կողմից: Ըստ արարողակարգի, առաջարկությունը պաշտոնապես ընդունվելու համար դեռ պետք է քննության առնվի:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG