Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. - «Յուրաքանչյուր ներքին անիրավություն անդրադառնում է Մեծ եղեռնի ճանաչման գործընթացին»


Օրվա երկրորդ կեսին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցին նաեւ հայաստանյան ընդդիմադիր դաշտը ներկայացնող քաղաքական գործիչները, որոնցից «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Ցեղասպանության միջազգային ճանաչումը ուղղակիորեն կապեց երկրի ժողովրդավարացման գործընթացին:

«Եթե մենք թակում ենք աշխարհի դուռը, պահանջում ճշմարտության ճանաչումը Մեծ եղեռնի կապակցությամբ, Արցախի հիմնահարցի [կապակցությամբ], պիտի կարողանանք նաեւ որպես նորանկախ հանրապետություն այդ նույն սկզբունքները, նույն ուղենիշները իրականացնել մեր տան ներսում», - Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց Հովհաննիսյանը: - «Եվ Հայաստանը որպես ժողովրդավարական, քաղաքացու իրավունքները հարգող, ազգային շահի վրա հենված պետություն, նախ եւ առաջ պիտի կարողանա դա կատարել իր տան ներսում եւ զուգահեռաբար միայն պահանջել ճշմարտությունը եւ իրավունքները արտաքին աշխարհից»:

«Մեր յուրաքանչյուր ներքին քայլ, սխալ, վրիպում, անարդարություն, անիրավություն անդրադառնում է ամենաուղղակի ձեւով մեր արտաքին մարտահրավերների եւ խնդիրների՝ այդ թվում նաեւ Մեծ եղեռնի ճանաչման գործընթացին», - եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Օրվա առաջին կեսին Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, լրագրողների հարցին, թե որքանով է այսօր Թուրքիան պատրաստ ճանաչել Ցեղասպանությունը, պատասխանեց, թե դա Թուրքիայի եւ թուրք ժողովրդի արժանապատվության խնդիրն է. - «Կարող են եւ չճանաչել. դրանից ոչինչ չի փոխվի աշխարհում: Ամենակարեւորն այն է, որ ամբողջ մարդկությունը գիտակցի, որ իսկապես ոճրագործություն է տեղի ունեցել»:

Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, պետք չէ նպատակ դնել, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը. պետք է «տեր կանգնել հայ ժողովրդի իրավունքներին»:

«Ցեղասպանությամբ ոտնակոխվել են հայ ժողովրդի իրավունքները. ապրելու, գոյատեւելու, զարգանալու իրավունքներն են, որ ոտնահարվել են: Ճանաչումը պետք է բերի այդ իրավունքների վերականգնման», - ասաց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG