Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «Այսօր էլ պատրաստ ենք ընտրություններին»


Ստեփան Դեմիրճյանը հանգիստ է վերաբերում վերջին շրջանում ուժգնացած կանխատեսումներին, թե «Արդարություն» դաշինքը հաջորդ ընտրություններում դժվար թե նախկին հեղինակությունը վայելի ժողովրդի մոտ ու ստանա 2003-ի չափ ձայներ, իսկ ՀԺԿ-ն ընդհանրապես կարող է չհայտնվել 2007-ի խորհրդարանում:

«Ցանկություն է, որը պետք չէ շփոթել իրականության հետ: Նման «խորը» կանխատեսումներ արվում էին նաեւ նախագահական ընտրություններից առաջ: Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանը պետք է ստանար 56 տոկոս, ես՝ 0,9 տոկոս քվեներ: Դա չխանգարեց ինձ հաղթել նախագահական ընտրություններում», - շաբաթ օրը «Ազդակ» ակումբում հայտարարեց ՀԺԿ առաջնորդը:

Ստեփան Դեմիրճյանի հավաստմամբ, իրենք արդեն այսօր են պատրաստ ընտրությունների՝ թե' հերթական, եւ թե' անգամ արտահերթին, սակայն կուսակցության համար դեռեւս ճշգրտված չէ մասնակցության ֆորմատը՝ արդյո՞ք նրանք դաշինք կկազմեն ընդդիմադիրների հետ, թե միայնակ կմտնեն պայքարի մեջ. - «Պոտենցիալ դաշնակիցները շատ են՝ ամբողջ ընդդիմադիր դաշտը, եւ եթե հանրահավաքներ չկան, դա չի նշանակում, որ որեւէ աշխատանք այդ ուղղությամբ չի տարվում»:

ՀԺԿ-ն որեւէ ընտրության միայնակ դեռեւս չի մասնակցել, կուսակցությունը բոլոր ընտրություններին դաշինքներով է գնացել: Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, «դա ոչինչ չի նշանակում». - «Քանի որ միշտ էլ մենք ենք եղել մյուսների հաղթաքարտը,եւ ոչ թե հակառակը: Հենց ՀԺԿ-ի շնորհիվ է, որ այդ դաշինքները հաղթել են բոլոր համապետական ընտրություններում»:

Այսօր խոսել հաջորդ ընտրությունների անցկացման արդարության մասին, քաղաքական գործչի կարծիքով, «ուղղակի ծիծաղելի է»:

«Այս իշխանությունը չի կարող չկեղծել: Որեւէ պատրանք ունենալ պետք չէ՝ փորձելու են կեղծել նաեւ հաջորդ ընտրությունները, բայց մենք էլ պայքարելու ենք այդ կեղծիքների դեմ», - նշեց ՀԺԿ առաջնորդը:

Խոսելով 2008-ի նախագահական ընտրությունների մասին՝ Ստեփան Դեմիրճյանը ասաց. - «Կարծում եմ, հիմա դեռ շուտ է այդ մասին խոսելը, բայց ինձ համար նախագահական ընտրություններին մասնակցելը ինքնանպատակ չէ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG