Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության 91-ամյակը կնշվի ողջ Ֆրանսիայում


Եվրոպահայերի դաշնության ղեկավար Հիլդա Չոբոյանի հավաստմամբ, Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ այսօր կանցկացվեն Ֆրանսիայի ողջ տարածքում:

«Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքում եւ ավանում, որտեղ կա հայ համայնք, ցեղասպանության հիշատակման օր կկազմակերպվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հիլդա Չոբոյանը:

Չոբոյանի խոսքով, հիմնական,ամենամարդաշատ միջոցառումները կկենտրոնանան Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքներում` Փարիզում, Lիոնում եւ Մարսելում. - «Այս տարի նույնպես Փարիզում բազմահազարանոց երթ է լինելու Կոմիտասի արձանից մինչեւ Թուրքիայի դեսպանատուն»:

Մարսելի հայաշատ թաղամասերից մեկում այսօր կբացվի 1915-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Այս առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

Ֆրանսահայ կազմակերպությունների եւ Ֆրանսիայի քաղաքական ուժերի ուշադրությունը, սակայն, կենտրոնացել է Lիոնի կենտրոնում բացվող հուշարձանին:

«Լիոնում հատուկ մի արարողություն պետք է տեղի ունենա, որին իր խոսքը պետք է հղի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Հաշվի առնելով Լիոնում մարտին՝ Հայոց ցեղասպանությունը ուրացող թուրքերի ցույցը, հուշարձանի բացումը հատուկ նշանակություն ունի: Թուրքիայի ժխտողական այս կեցվածքը պիտի դատապարտվի բոլոր ելույթ ունեցողների կողմից», - նշեց Չոբոյանը:

Եվրոպահայերի դաշնության ղեկավարը չի բացառում նաեւ, որ եթե Lիոն ժամանեն Ֆրանսիայի առաջատար բոլոր կուսակցությունների ղեկավարները`ապա այստեղ կլինի նաեւ իշխող աջ UMP կուսակցության ղեկավար, ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին, ով համարվում է Ֆրանսիայի ապագա նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG