Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Մենք առաջ ենք նայում»


Մեծ Եղեռնի 91-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, նշել է, որ այս ոճրագործության համար Օսմանյան Թուրքիան եւ նրա իրավահաջորդը կրում են լիակատար պատասխանատվություն. - «Եղեռն վերապրած հայ ժողովրդի ողջ հետագա պատմությունը կրել է կատարված ոճրագործության ծանր հետեւանքները»։

«Ցավն առավել ուժեղ է, քանի որ ստիպված ենք նաեւ պայքարել պատմության այդ սեւ էջի ճանաչման եւ դատապարտման համար: Հայաստանի Հանրապետությունն, իբրեւ հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հայության ազգային շահերի արտահայտիչ, շարունակելու է այդ պայքարը», - փաստել է Հայաստանի նախագահը: - «Երախտապարտ ենք այն երկրներին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ։ Տարեցտարի խորանում է այն գիտակցությունը, որ սա համամարդկային խնդիր է եւ նման հանցագործությունների կանխման ամենաարդյունավետ ուղին»։

Ուղերձում Քոչարյանը նշել է, նաեւ, որ հայության պայքարը չունի վրեժխնդրական ենթատեքստ. - «Մենք նայում ենք առաջ, քանի որ մեր լավագույն պատասխանը ժխտողականությանը պետք է լինի ամուր պետականությունը, Հայաստանի բարգավաճումն ու առաջընթացը»։

Ծիծեռնակաբերդ այսօր առավոտյան այցելեցին Հայաստանի նախագահը, վարչապետը, կառավարության անդամները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների:

Ծիծեռնակաբերդի բարձունք էին եկել նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, ինչպես նաեւ Հայաստանում գործող միջազգային կառույցները ներկայացնող անձինք:

Մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդ սկսվել էր դեռ երեկ երեկոյան: Արդեն ձեւավորված ավանդույթով, ՀՅԴ Նիկոլ Աղբալյանի անվան ուսանողական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

1500 ջահակիրները ակցիայի հազարավոր այլ մասնակիցների ուղեկցությամբ Հանրապետության հրապարակից մայրաքաղաքի փողոցներով երթով հասան Ծիծեռնակաբերդ: Երթի մասնակիցները տանում էին Հայաստանի պետական դրոշը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշները, հնչում էին «Ճանաչում» եւ «Դատապարտում» կոչեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG