Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կառավարական ցինիզմ թոշակառուների նկատմամբ» վերնագրի ներքո «Ազգ»-ը գրում է, թե «կենսաթոշակառուների թոշակների 1000 դրամով բարձրացումը թոշակառուներից շատերի համար դաժան հարված եղավ, քանի որ 1000 դրամ ավելի թոշակի պատճառով նրանք դուրս մնացին ընտանեկան նպաստի համակարգից եւ 7 հազար դրամ նպաստ ստանալուց»: Թերթում նաեւ ընդգծված է. - «1000 դրամ թոշակների ավելացման պատճառով նրանք զրկվեցին նախ ընտանեկան նպաստներից, ապա խորհրդային ավանդների փոխհատուցումից... Ակնհայտ է, որ հազարավոր թոշակառուներին նման անմարդկային կացության մեջ գցած եւ նյարդային ցնցումներ «պարգեւած» իշխանություններն այլեւս բարոյական իրավունք չպետք է ունենան խոսելու Հայաստանում աղքատության նվազման, սոցիալական քաղաքականության բարձր հասցեականության եւ նման դատարկ ու բարձրագոչ բաների մասին», - գնահատում է մեկնաբանը:

Նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Այբ-Ֆե»-ին փոխանցել է, որ Ռոբերտ Քոչարյանը նորմալ է ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը: Թղթակցի հարցին՝ «Իսկ որոշումն իրեն բավարարե՞լ է, մինչեւ վերջ որոշման հակառակն էր պնդում», Սողոմոնյանը պատասխանել է. - «Դա այլ թեմա է: Նախագահը Սահմանադրական դատարանի որոշմանը վերաբերվել է այնպես, ինչպես վերաբերվում են ՍԴ որոշումներին»:

Ըստ «Չորրորդ իշխանության», Բուզանդի փողոցի տուժած բնակիչները, այնուամենայնիվ, ուրախանալու պատճառ ունեն. - «Եվրոդատարանում Սահմանադրական դատարանի որոշմանն ուզեն-չուզեն՝ լրջորեն են վերաբերվելու: Եվ այդ որոշումը դիտարկվելու է որպես Հայաստանի ներկա իշխանությունների հանցանքը հիմնավորող ապացույց»: «Հենց միայն մայրաքաղաքի Կենտրոնի կառուցապատման անվան տակ կարելի է հանդիպել այնպիսի աղաղակող փաստերի, որոնք պետք է որ առաջի՛ն հերթին հայտնվեին կոռուպցիայի դեմ պայքարող մեր իշխանությունների ու նման գործառույթներ ստանձնած տարատիպ հանձնաժողովների ուշադրության կենտրոնում», - մատուցում է «Առավոտ»-ը՝ նաեւ գրելով. - «Երեւանի Բուզանդի ու Արամի փողոցներում «էլիտար» շենքեր կառուցող ընկերություններից մեկն էլ «Գրիար» ՓԲԸ-ն է, որի «տանիքը» ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Այս կազմակերպությունը 2004 թվականի օգոստոսի 2-ին պայմանագիր էր կնքել Երեւանի քաղաքապետարանի «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ԾԻԳ-ի հետ, որով նրան 240 հազար դոլար էր վճարել՝ ոչ միայն այն բանի համար, որ ԾԻԳ-ն իր բոլոր հնարավորությունները ներդնի հիշյալ տարածքները «ոչ էլիտար» մարդկանցից ազատելու ու մաքուր տարածքը «Գրիար»-ին հանձնելու համար, այլեւ՝ ընկերության շահերը դատարանում պաշտպանելու պայմանով»:

«Իմ մտահոգությունը ոչ այնքան ԱՄՆ-Ադրբեջան փոխհարաբերությունների, որքան ԱՄՆ-Իրան առճակատման փաստի հետ է կապված։ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են անուղղակիորեն մեծ վնասներ պատճառել մեզ», - «Հայոց Աշխարհ»-ում ասում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ - «Մենք պետք է շահագրգռված լինենք, որ բարեկամ երկու երկրները, որոնք անկախության հռչակումից հետո մեր կողքին են եղել՝ Միացյալ Նահանգները եւ Իրանը, խնդրահարույց հարցերը կարողանան լուծել դիվանագիտական ճանապարհով։ Նրանց միջեւ ցանկացած ռազմական առճակատում լուրջ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ խիստ վտանգավոր՝ տարածաշրջանի բոլոր երկրների համար»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, հարցին թե Վաշինգտոնում 235 միլիոն դոլարը ստանալու ժամանակ տված այն խոստումը, թե գալիք ընտրությունները ՀՀ-ում ազատ եւ արդար են անցկացվելու, կարո՞ղ է արդյոք ինքը կրկնել ՀՀ հասարակության համար, արտգործնախախար Վարդան Օսկանյանը պատասխանել է. - «Ես նման խոստումներ չեմ կարող տալ, կարող եմ միայն հուսալ, հավատալ, հորդորել, որ ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին»: «Եթե մենք չկարողանանք ապահովել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ամրագրված չափանիշները, կկորցնենք մեր բարեկամների ոչ միայն բարոյական, այլեւ նյութական աջակցությունը: Ես կարծում եմ, այստեղ պետք է շատ լուրջ խորհել, քանի որ վնասներն ու հետեւանքները շատ ավելի ծանր կլինեն», - հորդորում է Օսկանյանը:

«Մրցակիցներին շարքից հանելու օբյեկտիվ շահագրգռություն ունեցող խոշորագույն ֆիգուրներից մեկը անշուշտ Սերժ Սարգսյանն է, ով այժմ ունի առավելագույն լծակներ, սակայն հեռանկարում ժամանակն աշխատելու է նրա դեմ՝ օրեցօր պակասեցնելով լծակները: Ռոբերտ Քոչարյանի՝ նոր կուսակցությունների ստեղծմանը նպաստելու եւ հետագայում խորհրդարանական «կարկատանային մեծամասնություն» ձեւավորելու քաղաքականությունը, ըստ էության, ձեռնտու է բոլորին, բացի Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից», - գրում է «Իրավունք»-ի մեկնաբանը:

Նույն թերթի հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը սահմանում է. - «Հստակ պետք է գիտակցենք, որ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի դեմ պայքարը պայքար է հանուն անկախության»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG