Մատչելիության հղումներ

Վիլնյուսի խորհրդաժողովին Քոչարյանի մասնակցության հարցը կքննարկվի Լիտվայի նախագահի հայաստանյան այցի ընթացքում


Սպիտակ տունը եւ Լիտվայի կառավարությունը հայտարարել են, որ մայիսի 4-ին Վիլնյուսում տեղի է ունենալու Բալթյան եւ Սեւծովյան տարածաշրջանների երկրների գագաթաժողով, որին մասնակցելու է ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին: Գագաթաժողովին, որը անվանվել է «Վիլնյուսի խորհրդաժողով 2006», հրավիրվել են այդ երկու տարածաշրջանների բոլոր երկրների ղեկավարները՝ վարչապետեր ու նախագահներ: Հրավիրված են նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները:

Սպիտակ տան հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ նախագահ Բուշը խնդրել է Դիկ Չեյնիին միանալ եվրոպական ղեկավարների այդ ֆորումին: Դիկ Չեյնին իր ելույթում պետք է շեշտի այդ երկու տարածաշրջանների ժողովրդավարական վերափոխության կարեւորությունը: Նա խոսելու է նախագահ Ջորջ Բուշի ազատության օրակարգի մասին:

Վիլնյուսում ԱՄՆ-ի դեսպանատան խոսնակ Պետրաուսկենը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, որ Դիկ Չեյնին Վիլնյուսում երկկողմանի հանդիպումներ է ունենալու տարբեր երկրների ղեկավարների հետ: Իսկ կազմկոմիտեի խոսնակ, Սիմոնաս Սատունասը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ գագաթնաժողովին մասնակցելու են Բալթյան եւ Սեւծովյան տարածաշրջանների երկրների 20 ղեկավարներ:

Կազմկոմիտեի խոսնակը ասաց, թե հրավերը նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդեն ուղարկված է:

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախագահ Քոչարյանը ստացել է Լիտվայի կառավարության հրավերը:

«Այդպիսի հրավեր կա: Հայկական կողմը հրավիրված է մասնակցելու գագաթաժողովին», - ասաց Սողոմոնյանը: - «Առաջիկա օրերին Հայաստան պաշտոնական այցով կժամանի Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը, եւ հենց այցի ընթացքում էլ, կարծում եմ, երկու նախագահները կքննարկեն այդ խնդիրը եւ վերջնական որոշումը հայտնի կդառնա»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG