Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյանը պնդում է, թե իր մեքենաները կանգնեցրել եւ տարել են


Այսօր մի խումբ դիմակավոր անձինք կանգնեցրել են «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի մեքենան:

«12:55-ի սահմաններում Էրեբունիի ոստիկանության մոտակայքում իմ երկու մեքենաները, որոնցում գտնվում էի ես եւ պահակազորի տղաները եւ վարորդները, թվով 5 հոգի, բռնի կերպով կանգնեցվեցին ավտոմատներով եւ ատրճանակներով զինված 12 դիմակավոր անձանց կողմից», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Արամ Կարապետյանը: - «Առանց ներկայանալու նրանք վազեցին մեզ վրա, սկսեցին գոռալ՝ կկրակե’նք, հանգիստ նստե’ք տեղերում»:

«Սա մի ամբողջական սպեցօպերացիա էր: Չներկայացան ընդհանրապես եւ որեւէ բան չասացին: Ինձ ոչինչ չարեցին, ես այդ պահին խոսում էի կուսակցության գրասենյակի հետ: Ատրճանակով զինված դիմակավորներից մեկին հարցրեցի՝ ո՞վ եք, ասաց՝ «Սուս»: Երբ հարցրի՝ սուս չմնամ՝ կկրակե՞ք, ասացին, որ դուրս գամ մեքենայից: Մեքենաները եւ տղաներին քշեցին-տարան անհայտ ուղղությամբ, իսկ ես տաքսիով եկա գրասենյակ», - փոխանցեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը:

«Ես միանգամից զանգահարեցի ոստիկանապետի տեղակալ Վարյանին եւ ասացի, որ այդպիսի բանդիտիզմ է տեղի ունեցել: Նա շատ արագ հետ զանգեց եւ ասաց, որ որեւէ կապ ոստիկանությունը այդ գործընթացին չի ունեցել»:

Ինչ վերաբերում է ենթադրություններին՝ ովքե՞ր կարող էին լինել դիմակավորները, Արամ Կարապետյանը պատասխանեց. - «Դա ազգային անվտանգության նախարարության հատուկ ջոկատն է, որը կատարել է Գորիկ Հակոբյանի հրամանը՝ ինձ ահաբեկել: Ահաբեկում են, որովհետեւ մենք բավականաչափ լուրջ մեղադրանքներ ենք սկսել ներկայացնել Ազգային անվտանգության ծառայությանը՝ քաղաքական գործընթացներին խառնվելու վերաբերյալ: Եվ սա ապացույցն էր իմ ասածի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG