Մատչելիության հղումներ

Ամերիկայի ադրբեջանցիները եւ թուրքերը նույնպես պատրաստվում են ապրիլի 24-ին


Միացյալ Նահանգների ադրբեջանական եւ թուրքական համայնքները որոշել են այսօրվանից մինչեւ ապրիլի 26-ը համատեղ ջանքերով բողոքի ակցիաներ անցկացնել՝ հակազդելու ամերիկահայերին, որոնք պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության տարելիցը:

Թուրք եւ ադրբեջանցի ակտիվիստների մի խումբ հավաքվելու է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ՝ բողոքելու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայերի քարոզարշավի դեմ: «Թրենդ»-ի փոխանցմամբ, այդ ակցիաներով թուրքերն ու ադրբեջանցիները պատասխանում են ապրիլի 24-ին հայերի նախատեսած միջոցառումներին, այդ թվում՝ System of a Down ռոք խմբի համերգին:

Գործակալությունը նշում է, որ «թուրք դիվանագետները թուրքերին եւ ադրբեջանցիներին հորդորել են զսպվածություն դրսեւորել եւ չենթարկվել հայկական սադրանքներին»: Հաղորդվում է, որ այդ օրերին Վաշինգտոնի ոստիկանությունը կձեռնարկի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ:

Ապրիլի 22-ին ադրբեջանա-ամերիկյան կազմակերպության ակտիվիստները հավաքվելու են Նյու Յորքի Թայմզ Սքուեր հրապարակում՝ անցկացնելու հանրահավաք, որի նպատակը «ցեղասպանության մասին սուտը մերկացնելն է: Այս մասին անցած ամիս հայտնել էր կազմակերպության նախագահ Թոմրիզ Ազերին:

«Ադրբեջանցիները Նյու Յորքում մտադիր են անցկացնել գիտաժողով եւ ամերիկյան հասարակությանը տեղյակ պահել Ղարաբաղում, մասնավորապես՝ Խոջալույում, ադրբեջանցիների կոտորածի մասին», - ավելացրել է Ազերին: - «Միացյալ Նահանգների ադրբեջանական համայնքի գործունեությունը հետզհետո ավելի շոշափելի է դառնում. այս տարի կոնգրեսականներին եւ սենատորներին փոխանցել ենք շուրջ 600 նամակ՝ հայերի խարդախ պրոպագանդայի մասին»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG