Մատչելիության հղումներ

Շվարցենեգերը Հայոց ցեղասպանության շաբաթ է հռչակել


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերի Լոս Անջելեսի գրասենյակի փոխտնօրեն Լիսա Քալուստյանը, Շվարցենեգերը ապրիլի 23-ից 29-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ։

Նրա ստորագրած հայտարարությունում ասված է. - «1915 թվականի ապրիլի 24-ը ազդարարում է Հայոց ցեղասպանության սկիզբը՝ հանցագործություն ընդդեմ մարդկության, որի ընթացքում մինչեւ 1923 թվականը սպանվեց 1,5 միլիոն հայ։ 5ՕՕ հազար հայեր, ովքեր փրկվեցին Օսմանյան կայսրության վարած բնաջնջման քաղաքականությունից, արտաքսվեցին իրենց տներից ու բնակություն հաստատեցին աշխարհի այլ երկրներում»։

«Ունեցվածքից զրկված այս անձինք իրենց հետ տարան միայն իրենց կորցրած հարազատների նկատմամբ սերը, կյանքը նորից սկսելու հույսն ու հավատը։ Այս վճռականությամբ նրանք բարգավաճեցին իրենց նոր հայրենիքներում, այդ թվում՝ Կալիֆորնիայում, որն այսօր ամենահայաշատն է Հայաստանից հետո», - ասված է հայտարարությունում: - «Այսօր Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգները կարեւոր դեր ունեն եւ մեծ աջակցություն են ցուցաբերում մեր նահանգի գործարարության, արվեստի, կրթության բնագավառներում, կառավարական ու մշակութային հաստատություններում։ Իրենց ավանդույթներին հավատարիմ՝ աշխատանքի նկատմամբ նրանց սերն ու նվիրումը կարեւոր օրինակ է ծառայում Կալիֆորնիայի բոլոր բնակիչների համար»։

«Ավելի հուսադրող ապագայի հիմքերը դրվում են անցյալը ճանաչելու միջոցով։ Այս հույսով ես կանգնում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով հանդես եկող հայ համայնքի մեր բարեկամների կողքին ու հորդորում նույնն անել Ամերիկայի ազատասեր ու աշխարհի մյուս ժողովուրդներին», - գրում է Կալիֆորնիայի նահանգապետը։ - «Այժմ ես, Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերս, հայտարարում եմ, որ ապրիլի 23-ից 29-ը Կալիֆորնիայի նահանգի մեծ կնիքով հռչակում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ»։


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG