Մատչելիության հղումներ

Երեւանում գումարվեց Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը


Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Մարի-Անն Իզլեր Բեգենը եւ Արմեն Ռուստամյանը դրական գնահատեցին հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքները:

«Անդրադարձ եղավ առաջին հերթին մեր այս նոր կարգավիճակով եվրաինտեգրման խնդիրներին՝ կապված «նոր հարեւանության» քաղաքականության կոնտեքստում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում մեր քայլերի հետ, որ այս վերջին շրջանում արդեն ինտենսիվ են դարձել», - հրավիրված համատեղ ասուլիսում ասաց Ռուստամյանը: - «Անդրադարձանք տարածաշրջանային խնդիրներին, տարածաշրջանային համագործակցության հարցերին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ իր ամբողջական սպեկտրով»:

Մարի-Անն Իզլեր Բեգենը խոսեց մի քանի խնդիրների մասին, որոնց, ըստ նրա, ուշադրություն պետք է դարձնի Հայաստանը՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության ձեւավորումը, առանց ինչի «ուղղակի անիմաստ է խոսել ժողովրդավարության մասին»:

Իզլեր Բեգենի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպումներ է ունեցել նախագահ Քոչարյանի, Աժ նախագահ Բաղդասարյանի, արտգործնախարար Ոսկանյանի հետ :

«Զարգացման եվրոպական ուղին ընտրած Հայաստանի ապագան մենք տեսնում ենք արդյունավետ կառավարման, արդյունավետ քաղաքական համակարգի եւ տնտեսության մեջ, իսկ դրան կարելի է հասնել միայն խորը եւ լայնածավալ բարեփոխումների ճանապարհով», - ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի, հանդիպման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի:

Զրույցի ընթացքում շոշափվել են նաեւ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Կարեւորել են նաեւ «Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացումը, առաջիկա ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան կազմակերպումն ու անցկացումը»:

Իզլեր Բեգենը նախագահ Քոչարյանին հայտնել է, որ Եվրամիությունը պատարստ է օժանդակել 2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդար անցկացմանը:


Նարեկ Գալստյան

(Լուսանկարում՝ Ռոբերտ Քոչարյանը ողջունում է Մարի-Անն Իզլեր Բեգենին)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG