Մատչելիության հղումներ

Բացվեց Հայաստանի պարի պետական անսամբլի ինտերնետային կայքը


«Մենք ցանկանում ենք, որ մեր արվեստը հասու լինի աշխարհին եւ մեզ ու մեր պարը բարձր գնահատեն», - ասում է պարուհի Սյուզաննա Հովհաննիսյանը:

Համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանը կայքի բացումը կարեւորում է հատկապես նրանով, որ այն հնարավորություն է ընձեռում աշխարհին ներկայացնել հայկական պարն ու պատմել դրա մասին. - «Նախկինում, երբ արտերկրից մեզանից նյութեր էին ուզում, բարդություններ էին առաջանում. այժմ նյութերը ուղարկելու եւ այդ տեսակ այլ խնդիրներ չկան»:

Այս օրը պարի պետականի համար նշանավորվեց նաեւ փետրվարին Ստամբուլում պարային անսամբլի ելույթի տեսաժապավենի ցուցադրությամբ:

«Թուրքիայում հայկական պարային անսամբլի հաղթարշավի մասին ֆիլմի ցուցադրումը Ցեղասպանության տարելիցի նախօրեին իր մեջ յուրահատուկ խորհուրդ ունի», - ասում է անսամբլի ղեկավարը: Հայկական պարային համույթը Թուրքիայի երեք նշանավոր համերգասրահներում մեծ ոգեւորությամբ է ընդունվել ոչ միայն տեղի հայկական, այլեւ թուրք` հիմնականում մտավորականներից կազմված, հանդիսատեսի կողմից:

Երկու տարի անց պարի պետական անսամբլը կբոլորի իր հիսունամյակը: Այս կապակցությամբ անսամբլը արդեն սկսել է աշխատանքները պարային նոր համարների ստեղծման ու հին համարների վերականգնման ուղղությամբ:

Անսամբլի մոտակա ծրագրերում են համերգային ելույթները
մարզերում: Հայկական պարը շուտով կներկայանա նաեւ ռուս հանդիսատեսին` Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում: Հնարավոր են նաեւ ելույթներ Ֆրանսիայում:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG