Մատչելիության հղումներ

Գիտությունների ակադեմիայի նախագահի ընտրությունները կկայանան մայիսի 17-ին


Չորեքշաբթի օրը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԱ) նախագահության նիստում որոշվել է ակադեմիայի նախագահի ընտրությունները անցկացնել մայիսի 17-ին:

Նիստից հետո ակադեմիայի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Համբարձումյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների՝ նիստում քննարկված խնդիրներին վերաբերող հարցերին:

Իսկ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը լրագրողներին ասաց, որ թեկնածուների ինքնառաջադրում չի լինելու. - «Թեկնածուները առաջադրվում են ժողովի մասնակիցների կողմից. մասնակցում են ակադեմիկոսները, թղթակից անդամները: Եվ այսօր ես առաջարկեցի, որ գոնե խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցեն ինստիտուտների ներկայացուցիչները՝ ընտրված գիտական խորհուրդների կողմից»:

Աղալովյանը չբացառեց իր թեկնածության առաջադրումը:

Հավանական թեկնածուների թվում նշվում են նաեւ Էդվարդ Ղազարյանը, Յուրի Շուքուրյանը, Յուրի Սարգսյանը, Ռադիկ Մարտիրոսյանը:

Նիստին մասնակցում էր նաեւ ակադեմիայի նախկին նախագահ, այժմ վարչապետի խորհրդական Ֆադեյ Սարգսյանը, ում խոսքերով, «արժանի մարդիկ» շատ են:

ԳԱԱ հիմնարար գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը, ում ներկայացրած մեղադրանքներով, փաստորեն, սկսվեց Ֆադեյ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը, գտնում է, թե Սարգսյանի օրոք ակադեմիայի ղեկավարության կազմում ընդգրկված մարդիկ չպետք է ընտրվեն:

«Ես կատեգորիկ դեմ եմ, որ որեւէ մեկը նախկին փոխպրեզիդենտներից ներկայացնի իր թեկնածությունը, որովհետեւ մենք տեսանք, թե դա ինչ վարչակարգ էր», - ասաց Ներսիսյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG