Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ավարտվում են զորավարժությունները


Արդեն մեկ շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղում հրամանատարա-շտաբային զորավարժություններ են ընթանում: Այսօր նախատեսվում է ավարտական մասի դիտում անցկացնել:

Զորավարժությունների ընթացքում ստուգվում է նաեւ պահեստազորի մարտական պատրաստվածությունը:

«7 ժամվա ընթացքում պահեստազորը կարողացավ կատարել իր առջեւ դրված խնդիրները: Դա նշանակում է, որ եթե հանկարծ ինչ-որ աննախադեպ պատերազմական վիճակ լինի, ամբողջությամբ պատրաստ կլինեն կանխելու այդ հարձակումները», - երեկ երեկոյան հրավիրած ասուլիսում հայտնեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նաեւ ասաց, թե զորավարժությունները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը առանց երրորդ ուժի մասնակցության կարող է պաշտպանել սահմանները եւ կատարել իր առջեւ դրված խնդիրները: «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդո՞ք դա նշանակում է, որ խաղաղապահ ուժերի անհրաժեշտությունը չկա, պաշտպանության նախարարը պատասխանեց. - «Կարծում եմ, այսօր մենք դրա անհրաժեշտությունը չունենք»:

Զորավարժություններին դիտորդի կարգավիճակով ներկա են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG