Մատչելիության հղումներ

Երիտասարդ ռեժիսորը բեմադրում է «Գիքոր» օպերան


Դեռ 1998 թվականից՝ թատրոնի հիմնադրման օրվանից, Լուսինեն ապրել է թատրոնի հետ ու թատրոնի կյանքով, իր մասնակցությունն ունեցել բոլոր աշխատանքներին` թե' բեմադրման , թե' վարչական, նույնիսկ լուսային էֆեկտներով է զբաղվել: Մի խոսքով, ծանոթ է երաժշտական թատրոնի ուղնուծուծին:

Սովորելով լեզվաբանական համալսարանում, Լուսինեն շուտով զգացել է, որ իր կոչումը թատրոնն է եւ ընդունվել է կինոյի եւ թատրոնի ինստիտուտ: Այսօր 29-֊ամյա ռեժիսորը բեմադրում է իր դեբյուտային ներկայացումը` Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերան:

«Գիքոր»֊ի թեման մեր իրականության մեջ անչափ արդիական է: Մեր ներկայացումը ավելի շուտ լուսավոր ու լավատեսական է, քան ողբերգական: Մեր «Գիքորը» ուղղված է երիտասարդ եւ հատկապես մանուկ հանդիսատեսին», - ասում է Լուսինեն:

Նա առհասարակ մանուկների մոտ թատրոնի հանդեպ մեծ հետաքրքրություն է նկատել եւ ուրախ է, որ «հեռուստատեսային դատարկ շոուների առկայության պայմաններում երեխաները սիրում ու ոգեւորվում են թատրոնով»:

Երիտասարդ ռեժիսորի խոսքով, այսօր Հայաստանում երաժշտական թատրոնի գոյությունը շատ է զարմացնում հատկապես արտասահմանցի հյուրերին, ում հետաքրիր է բրոդվեյան հանրահայտ շքեղ ներկայացումներից հետո, ասենք, Վեբերի «Կատուները» դիտել հայկական բեմում եւ հայկական յուրահատուկ մատուցմամբ:

«Մյուզիքլը ընդհանրապես շատ թանկ ժանր է եւ մեծ ֆինանսներ է պահանջում: Այս ժանրի զարգացման համար մեզ մոտ պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն՝ առաջին հերթին, միջոցներ են անհրաժեշտ, որոնք խիստ սահմանափակ են», - ասում է Լուսինեն:

«Մյուզիքլի թատրոնը նաեւ երիտասարդական թատրոն է, իսկ թատրոնին անընդհատ երիտասարդ կադրեր են անհրաժեշտ, այնինչ մեր դերասանական կազմը համալրվում է միայն թատրոնի եւ կինոյի ինստիտուտի, երբեմն էլ` կոնսերվատորիայի կադրերով: Կադրերի պատրաստման հնարավորությունները սուղ են», - ավելացնում է երիտասարդ բեմադրողը:

Մեկ այլ հարց է բանակի խնդիրը: Ինչպես եւ բալետի պարողների, մյուզիքլի թատրոնի դերասանների գլխին էլ կախված է զինվորական ծառայության հարցը: Լուսինեի խոսքով, շատ երիտասարդ դերասաններ բանակում ծառայելուց հետո չեն վերադառնում թատրոն, եւ թատրոնը զրկվում է տաղանդավոր կադրերից: Բանակը փոխում է նրանց աշխարհայացքը եւ կոտրում է թատրոն վերադառնալու ցանկությունը:

«Գիքոր»֊-ը երաժշտական կամերային թատրոնի հանդիսատեսին կներկայանա, հավանաբար, հունիս-հուլիս ամիսներին:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG