Մատչելիության հղումներ

Լեւոն Անանյան. «Մենք ուզում ենք ստեղծել նորմալ աշխատանքի պայմաններ»


Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը երկուշաբթի օրը, հերքելով Գրողների միության շենքը քանդելու մասին պնդումները, ասաց, որ շենքը հիմնանորոգելու երեք ծրագրերից մեկը, իրոք, նախատեսում էր քանդել ու տեղում նորը կառուցել, սակայն այդ տարբերակը միանգամից մերժվել էր:

Մյուս երկու նախագծերը դեռ պետք է քննարկվեն վարչության առաջիկա նիստերում: Այդ նախագծերից մեկը ներկայացրել են ամերիկահայերը, ովքեր, Անանյանի խոսքերով՝ «մտավորականության ներկայացուցիչներ են, որոնք ուզում են գրողների միության կյանքը թեթեւացնել»:

«Բայց սա դեռ քննարկվում է», - հավելեց Հայաստանի գրողների միության նախագահը: - «Մենք ուզում ենք Գրողների միության աշխատանքը հնարավորինս ակտիվացնել»:

Այսօր հրավիրած ասուլիսում Հայաստանի գրողների միության ղեկավարները ներկայացրին անցած շաբաթ Բեյրութում կայացած 3-րդ գրական համաժողովի արդյունքները:

«Շատ կարեւոր էր, որ սփյուռքը զգա, որ ինքը անքակտելի մասն է Հայրենիքի, եւ Հայրենիքը գիտակցում է իր պարտավորությունը սփյուռքի հանդեպ», - ասաց Անանյանը:

Հայաստանցի գրողներ Բեյրութ էին տարել իրենց հրատարակած նոր գրքերը` 250 անուն, որոնք վաճառվել են, եւ ստացված գումարները կփոխանցվեն Համահայկական գրական հիմնադրամին:

Մեր գրողների պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիբանանի մշակույթի նախարարի հետ: Որոշվել է, ի դեպ, Բեյրութում տեղադրել Ավետիք Իսահակյանի արձանը: Որոշվել է նաեւ հրատարակել հայ- արաբական ժամանակակից գրողների համատեղ ժողովածու` հայերեն եւ արաբերեն լեզուներով:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG