Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում այսօր ցուցադրվելու է «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը


Այսօր Միացյալ Նահանգների Հանրային հեռուստատեսությունը (PBS) ցուցադրելու է Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» մեկժամանոց վավերագրական ֆիլմը: Որոշ նահանգներում ֆիլմից հետո ցուցադրվելու է նաեւ Ցեղասպանության շուրջ բանավեճ, որին բացի հայկական տեսակետը պաշտպանող պատմաբան Թաներ Աքչամից եւ գրող Փիթեր Բալաքյանից, մասնակցելու է նաեւ Ցեղասպանությունը ժխտող երկու պատմաբան:

Ամերիկահայերը անընդունելի են համարում Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճը, քանզի համոզված են, որ Ցեղասպանությունը անհերքելի փաստ է: 650 հազար դոլար արժողությամբ կինոժապավենը ամբողջությամբ ֆինանսավորել են ամերիկահայ կազմակերպությունները:

PBS-ի Լոս Անջելեսի մասնաճյուղը, ընդառաջ գնալով ամերիկահայերի հորդորներին, հրաժարվել է ցուցադրել Էնդրյու Գոլդբերգի ֆիլմը եւ դրան հաջորդող բանավեճը: Փոխարենը կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիական արտադրության մեկ այլ ֆիլմ՝ առանց բանավեճի հեռարձակման:

Այդուհանդերձ, Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը ապրիլի 17-ին անվճար կցուցադրվի Լոս Անջելեսի կինոթատրոններից մեկում: Ֆիլմի հեղինակը, ով հատկացրել է կինոթատրոնը վարձելու համար անհրաժեշտ 12 հազար դոլարը, ասել էր. - «Մենք ամբողջ օրը եւ գիշերը կցուցադրենք ֆիլմը այնքան, որքան զգանք դրա անհրաժեշտությունը»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG