Մատչելիության հղումներ

Ընտրական հանձնաժողովի նախագահը պատմում է իր «եռամյա չարչարանքների» մասին


Ազգային ժողովում ճեպազրույցներին «Ազգային միաբանություն»-ից Ալեքսան Կարապետյանի հրավերով ուրբաթ մասնակցում էր նաեւ Արագածոտնի մարզի Օշական գյուղի 0430 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սպարտակ Եղիազարյանը, որը լրագրողներին պատմեց իր «եռամյա չարչարանքների» մասին:

Եղիազարյանը 2003-ի նախագահական, նույն թվականի խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ նախորդ տարի հանրաքվեի ժամանակ նախագահի ներկայացուցիչն է եղել:

«Ընտրությունների ժամանակ խայտառակ իրավիճակ էր», - պատմեց նա: - «Բոլորս պետք էպաշտպանեինք նախագահի թեկնածությունը: Բայց քվեաթերթիկները հաշվելուց հետո ստացվեց 12 տոկոս ձայն Քոչարյանին: Երկրորդ տեղում գնում էր պարոն Գեղամյանը, իսկ առաջին տեղում [Ստեփան] Դեմիրճյանն էր... Պարտավորվել էինք 60 տոկոս ձայն տայինք Քոչարյանին... Գրել ենք՝ Քոչարյան – 60 տոկոս»:

Հանրաքվեն, նրա խոսքերով, արդեն ավելի կազմակերպված անցկացրին. - «Նախօրոք մեզ բաժանվեցին երկու տեղամասերի ընտրացուցակները, որտեղ նշված էին անձնագրերի համարները, անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թվեր... Երեք գիշեր տանը (դա կատարվել է ամբողջ մարզում) կեղծ ստորագրություններ են դրվել: Իրականում քվեարկությանը մասնակցել է 60 մարդ... Նախօրոք կազմած ներկայացրել ենք՝ 1649 «այո»»:

Եղիազարյանը դիմել է նախագահի վերահսկողական ծառայություն, պաշտպանության նախարարին, գլխավոր դատախազություն՝ ասելով, որ ինքը ընտրակեղծարար է, սակայն նրան պատասխանել են՝ ի՞նչ ես ուզում, թող գնա:

Իսկ այս ամենի մասին ավելի շուտ չի խոսել, քանի որ մարզի բարձրաստիճան պաշտոնյաներն իրեն պարբերաբար վախեցրել են: Ի վերջո, դիմել է «Ազգային միաբանությանը»:

Սպարտակ Եղիազարյանին այսօր խոստացավ աջակցել «Արդարություն» դաշինքը:

Իշխանամետ խորհրդարանակն ուժերը, մինչդեռ, այս ամենին քմծիծաղով վերաբերեցին: ՀՅԴ-ից Լեւոն Մկրտչյանը նկատեց. - «Ապաշխարհանքի համար եկեղեցի կա»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG