Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Քոլբի. «Ալիեւը կարող է քննարկել 907-րդ բանաձեւի վերանայման հարցը»


«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգտոն կատարելիք պաշտոնական այցի ընթացքում կարող է քննարկվել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւի վերացման հարցը», - ըստ «Թրենդ»-ի, Բաքվում հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական, արտաքին հատկացումների ենթակոմիտեի նախագահ Ջիմ Քոլբին:

Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւը արգելում է ԱՄՆ-ի կառավարական օգնության տրամադրումը Ադրբեջանին՝ Հայաստանը շրջափակելու պատճառով:

Քոլբին նշել է, որ Ադրբեջանի նախագահը այցի ընթացքում հնարավորություն է ունենալու հանդիպել Կոնգրեսի անդամների հետ, սակայն 907-րդ բանաձեւի վերջնական վերացման հարցը կախված է Կոնգրեսի արտաքին հատկացումների կոմիտեից:

«907-րդ բանաձեւը կարող է վերջնականապես ամբողջությամբ վերացվել մինչեւ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Կարեւորը բանաձեւի վերջնական վերացումը չէ, այլ այն, որ դրա գործողությունը արդեն հինգ տարի անընդմեջ սառեցվում է», - ասել է Քոլբին:

Կոնգրեսականը նաեւ անդրադարձել է հարցին, թե ինչու Ադրբեջանը չի ընդգրկվել ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում: Ջիմ Քոլբին նշել է, որ հավակնորդների ընտրության ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է «երկրում կառավարման որակին» եւ կոռուպցիայի մակարդակին: Նա հույս է հայտնել, որ շուտով Ադրբեջանը նույնպես կհամապատասխանի այդ պահանջներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG