Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն հինգշաբթի օրը Երեւանում հայտարարեց, որ «եթե նախքան Ռամբույեն կար կիսով չափ լցված բաժակ, ապա Ռամբույեում չհաջողվեց գոնե մի փոքր ավելացնել բաժակի պարունակությունը»:

«Մենք ուզում էինք, որ բաժակը կեսից մի փոքր ավելի լցվի, բայց դա չհաջողվեց: Այնուամենայնիվ, բաժակը չդատարկվեց, եւ ուրեմն բանակցային գործընթացը մահացած չէ», - ասաց ֆրանսիացի դիվանագետը:

Նա հայտնեց, որ այսօր մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ոչ միայն Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի, այլեւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Կարասինի հետ, որը զբաղվում է ղարաբաղյան հարցով:

«Չի բացառվում, որ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին կրկին ժամանեմ տարածաշրջան: Չի բացառվում նաեւ, որ Զատիկի տոնից հետո տարածաշրջան ժամանի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը», - նշեց Ֆասիեն:

Նա հայտնեց նաեւ, որ մայիսի սկզբին Մոսկվայում կկայանա համանախագահների խորհրդակցական հանդիպումը, ինչից հետո նրանք կայցելեն տարածաշրջան:

«Ապրիլի եւ մայիսի մեր նախապատրաստական աշխատանքի նպատակն է՝ հնարավորություն ստեղծել երկու երկրների նախագահների նոր հանդիպման համար: Այն կարող է կայանալ հունիսին, իսկ եթե ոչ` հուլիսին», - ասաց Ֆասիեն` ավելացնելով, որ հանդիպման ժամկետը եւ վայրը դեռ որոշակիացված չեն, սակայն՝ «կօգտագործվեն միջազգային միջոցառումների բոլոր առիթները»:

«Եթե նախագահները ցանկանում են շարունակել լցնել բաժակը, հանդիպումը կկայանա», - եզրակացրեց ֆրանսիացի դիվանագետը:

Երեկ Երեւանում Բերնար Ֆասիեն հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG