Մատչելիության հղումներ

Արտո Թունչբոյաջյան. «Այս մրցանակը մեր ժողովրդինն է»


Armenian Navy Band-ը ներկայացված էր նաեւ «Եվրոպական լավագույն խումբ» անվանակարգում, որտեղ մրցում էր իտալական Enzo Avitabile & Botari֊ի, ռումինական Fanfare Chiokarlia֊ի եւ ֆադու ոճի հանրահայտ պորտուգալացի կատարող Mariza-ի հետ: Այս անվանակարգում Արտոյի խումբը զիջեց ռումինական Fanfare Chiokarlia-ին, բայց հանդիսատեսի համակարանքը փաստորեն Արտոյի ավանգարդ ֆոլկ երաժշտության կողմն էր:

Հանդիսատեսի համակրանքի կամ Planet award մրցանակի հաղթողը որոշվել է էլեկտրոնային «օնլայն» քվեարկությամբ: Մրցանակը` խորվաթուհի քանդակագործ Անիտա Սուլիմանովիչի The Planet կոմպոզիցիան է` երկրագնդի, մարդկային սրտի եւ տավիղ հիշեցնող երաժշտական գործիքի համադրությումբ:

Ապրիլի 7֊-ին Լոնդոնում անցկացված հանդիսավոր արարողության ժամանակ Արտոն բեմ է բարձրացել, նվագել մորը նվիրված ստեղծագործություն՝ բուլար երաժշտական գործիքով, այնուհետեւ ցուցադրել շշով իր հանրահայտ կատարումները ու ստացել «Երկրագնդի ամենահանրահայտ կատարող» մրցանակը:

Հայաստանում խմբի մենեջեր Ջոն Գրիգորյանի խոսքով, Արտոյին Լոնդոնում մեծ ոգեւորությամբ են ընդունել:

«Արտոն պատմել չի սիրում, ուրիշներն են պատմել, թե երբ նա բեմ է բարձրացել, հանդիսատեսի շրջանում մեծ իրարանցում է սկսվել: Ընդհանրապես Անգլիայում եւ եվրոպական այլ երկներում, հատկապես Իսպանիայում, Armenian Navy Band-ի երաժշտությունը շատ-շատերն են սիրում»,- ասում է Ջոն Գրիգորյանը:

Ապրիլի վերջին Armenian Navy Band-ը նախատեսում է Երեւանում կազմակերպել ավանգարդ ֆոլկ երաժշտության փառատոն, որին կհրավիրվեն նաեւ անվանի երաժիշտներ արտերկրից: Խումբը նաեւ ծրագրում է System of a Down-ի Սերժ Թանկյանի հետ համատեղ երկրորդ ձայներիզը թողարկել մոտ ապագայում:

Արտո Թունչբոյաջյանը, որը ներկայումս Միացյալ Նահանգներում է` Նյու Յորքում, ապրիլի 20-֊ին կժամանի Հայաստան:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG