Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը «հաջողված ու նպաստավոր» է համարում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վաճառքը Ռուսաստանին


Հայաստանի պաշտպանության նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը հաջող ու նպաստավոր գործարք է համարում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վաճառքը Ռուսաստանին:

«Շատ նպաստավոր է», - երեքշաբթի օրը ասաց Սարգսյանը: - «Ուղղակի տարօրինակն այն է, որ տեղից ելնողը այդ թեմայով խոսում է՝ չիմանալով ընդհանրապես ինչ է նշանակում 5-րդ բլոկ»:

Նախարարի պատկերավոր նկարագրությամբ, 5-րդ բլոկը նման է մի եռահարկ շենքի, որի «նկուղը կառուցված է եւ այլեւս ոչինչ չկա». - «Կգա ժամանակը, մենք ավելի պատկերավոր, ավելի համոզիչ փաստարկներ կբերենք 5-րդ բլոկի արժեքի եւ այս քայլի մասին»:

Ի պատասխան քննադատությունը, թե 5-րդ բլոկի վերանորոգման համար հարկավոր էր ընդամենը 150 միլիոն դոլար եւ չկար այն վաճառելու անհրաժեշտություն, Սարգսյանը ասաց, որ պետք է ծախսել առնվազն 180 միլիոն դոլար, եւ այդ ծախսերը կփոխհատուցվեն լավագույն դեպքում 10 տարվա ընթացքում:

«Այսինքն՝ մենք լավագույն դեպքում 2017 թվականին կունենայինք օգուտով աշխատող ձեռնարկություն: Իսկ թե այդ օգուտը ինչպիսին կլիներ, մինչեւ այդ գազը ինչքան կթանկանար... դա, ինչպես ասում են, միայն Նոստրադամուսը կարող է ասել», - հավելեց պաշտպանության նախարարը:

Հարցին, թե արդյո՞ք ճիշտ է Հայաստանի բոլոր էներգետիկ հզորությունները մեկ պետության ենթակայությանը տալը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Նախ՝ բոլորը չէ: Երկրորդ, եթե մի քիչ խորը մտածեք, կտեսնեք, որ այստեղ համարյա որեւէ տարբերություն չկա: Բացարձակապես որեւէ տարբերություն չկա: Եվ երրորդ, ընդհանրապես տնտեսական գործարքներին երբ որ քաղաքականություն ես խառնում, ո’չ քաղաքականություն է ստացվում եւ ո’չ էլ տնտեսություն է ստացվում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG