Մատչելիության հղումներ

Թուրք լրագրողներից չորսը ազատվել են մեղադրանքներից, մեկին դատավարություն է սպասում


Թուրքիայի դատարանը երեքշաբթի օրը հանել է 5 թուրք լրագրողներից 4-ի մեղադրանքները: Լրագրողներից մեկի դատավարությունը շարունակվելու է: Թուրք լրագրողները մեղադրվում էին այն բանում, որ հրապարակավ քննադատել էին դատարանի որոշումը, ըստ որի արգելվում էր Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի անցկացումը Ստամբուլում:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, դատարանը մեղադրանքներից ազատել է Հասան Ջեմալին, Իսմեթ Բերքանին, Հալուք Շահինին եւ Էրոլ Քաթիրչիօղլուին՝ պատճառաբանությամբ, որ դատախազությունը հրապարակումներից հետո օրենքով սահմանված երկամսյա ժամկետում գործ չի հարուցել լրագրողների նկատմամբ:

Միեւնույն ժամանակ դատարանը վճռել է շարունակել «Ռադիկալ» ազատական թերթի մեկնաբան Մուրադ Բելժի գործով դատաքննությունը:

Դատախազները պնդում են, որ լրագրողների հրապարակումները դատարանի վրա ազդելու եւ դատական համակարգը վարկաբեկելու նպատակ են հետապնդել: Հակառակ դատարանի որոշման, Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, այնուամենայնիվ, սեպտեմբերին կայացել է Ստամբուլում:

Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինկը ենթադրություն էր արել, որ բոլոր լրագրողներն կազատվեն մեղադրանքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG