Մատչելիության հղումներ

Գրադարանային գրքերը՝ անվճար


1995 թվականից Ազգային գրադարանի ֆինանսական դժվարությունների պատճառով պատվիրաթերթիկները վճարովի էին դարձել: 2002-֊ին վարձը կրկնապատկվել էր՝ գիրք պատվիրելու համար ընթերցողը 10-ի փոխարեն վճարել է 20 դրամ: Գրադարանը հիմա էլ ունի ֆինանսական խնդիրներ եւ ներդրումների կարիք, սակայն մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական միջամտությունից հետո որոշել է հաշվի առնել նաեւ ընթերցողների սոցիալական վիճակը:

«Թեեւ վճարվող գումարն այնքան էլ մեծ չէր, սակայն տարին ամփոփելիս ընթերցողը կզգա, թե որքան գումար է խնայել», ֊- ասում է տնօրենը:

Ծախսածածկման խնդիրը լուծելու համար գրադարանի ղեկավարությունը սկզբում որոշել էր թանկացնել ընթերցողի տոմսի արժեքը, սակայն այդ որոշումը չի հաստատվել. Ազգային գրադարանի ընթերցողը շարունակելու է ընթերցողի տոմսի համար մեկ անգամ վճարելով, 4 տարի օգտվել գրադարանի ծառայություններից:

«Ընթերցողները հաճելիորեն զարմացած են, որ պատվիրաթերթիկների դիմաց այսուհետ չեն վճարելու: Սա կազդի ընթերցողների քանակի վրա, ուղղակի շատերը չգիտեն, որ վճարը հանված է», - ասում է ընթերցողներին պատվիրաթերթիկներ տրամադրող տիկին Ռուզաննան:

«Շատ ընթերցողներ աղքատ են լինում, եւ անվճար պատվիրաթերթիկները բավական մեծ խնայողություն է լավ ընթերցողի համար», - համոզված է Ազգային գրադարանից 4 տարի շարունակ օգտվող ընթերցողներից մեկը:

Ընթերցողներից մեկն էլ ոչ միայն չգիտեր այդ ուրախալի լուրը, այլեւ պնդում էր, որ 5 օր առաջ գիրք է պատվիրել, սակայն որեւէ մեկը իրեն չի զգուշացրել եւ ինքը պատվիրաթերթիկի համար 20 դրամ է վճարել:

Ո'չ գրադարանի մուտքի մոտ, ո'չ էլ քարտարանների սրահում փակցված չէ ընթերցողների համար ուրախալի այս լուրը: Անվճար պատվիրաթերթիկների մասին ընթերցողները տեղեկանում են միայն պատվիրաթերթիկներ տրամադրող պատուհանի մոտ, գրադարանի տնօրենի խոսքով՝ տեղում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG