Մատչելիության հղումներ

Բերնար Ֆասիեն մեկնում է Ադրբեջան


Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու է մեկնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Նրան ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Բացի այդ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հաղորդմամբ, նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի արտգործնախարարությունում եւ խորհրդարանում: Ազիմովի փոխանցմամբ, Ֆասիեն կայցելի նաեւ Երեւան:

Առաջիկայում տարածաշրջան է ժամանելու նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, ով օրերս Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդի եւ Սթիվեն Մաննի հետ:

Մամեդյարովը Միացյալ Նահանգներում քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգտոն կատարելիք այցին վերաբերող հարցեր: Սպիտակ տանը Ադրբեջանի արտգործնախարարը զրուցել է նախագահ Ջորջ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլիի հետ:

Վաշինգտոնյան հանդիպումներից հետո Մամեդյարովն ասել է, որ ամերիկյան կողմը ներկայացրել է «որոշ առաջարկներ պրահյան գործընթացը շարունակելու համար»:

«Հետաքրքիր առաջարկներ են: Բաքուն դրանք կվերլուծի եւ պատասխանը կփոխանցի Սթիվեն Մաննին, ով ապրիլի 18-ին է ժամանելու տարածաշրջան», - նշել է Էլմար Մամեդյարովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG